Հայաշատ Հալեպի Սուլեյմանիա թաղամասի գլխավոր փողոցում պատահական փամփուշտից հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածը 1970թ.-ի ծնված, երկու դուստրերի հայր Հարություն Կոշկերյանն է: Ռեյիսյանի խոսքով` Սուլեյմանիայի այդ փողոցը մշտապես մարդաշատ է և այս օրերին համեմատաբար անվտանգ շրջան է համարվում, սակայն այդուհանդերձ անակնկալներ միշտ կարող են տեղի ունենալ նույնիսկ ամենաչսպասված վայրում:
Ժիրայր Ռեյիսյանը նաև տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին Հալեպի ծայրամասերից մեկում իր աշխատավայրից առևանգվել է Գևորգ Կարագուլյանը: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ աշխատավայրում են եղել նաև նրա եղբայրը և երկու գործընկերները, ովքեր չեն առևանգվել: Առևանգողները Գևորգ Կարագուլյանին ազատ արձակելու համար փրկագին են պահանջում:
Ինչ վերաբերում է Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին, մամուլի քարտուղարը նշել է, որ երեկ ուժգին ռմբակոծությունները շարունակվել են մինչև առավոտ, իսկ այս պահին իրավիճակը փոքր-ինչ հանգիստ է: Բախումներ տեղի են ունեցել նաև Հալեպի ազգային առաջնորդարանի շենքի մոտկայաքում մոտավորապես 100-200 մետր հեռավորության վրա:









































