«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ զեկույց: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը, վեհաժողովի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և Եվրամիության քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստում, որը կայացել է փետրվարի 11-13-ը՝ Քիշնևում, հայկական կողմն առաջարկել է հաջորդ զեկույցը պատրաստել քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ, բայց գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշվել է զեկույցը պատրաստել ենթակառուցվածքների և տրանսպորտի մասին: ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել լինել համազեկուցող:
«Զեկույցը բոլորի կողմից հավանության արժանացավ, կընդգրկի տրանսպորտի բոլոր ձևերը: Կներկայացվի մի զեկույց, որը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի համար»,- ասաց Շահգելդյանը՝ նշելով, որ եթե խոսքը վերաբերում է Արևելյան գործընկերությանը, բոլոր երկրները պետք է հավանություն տան զեկույցին:
Մ. Շահգելդյանի խոսքով՝ առաջարկությունը ստացել է համընդհանուր աջակցություն, իսկ ադրբեջանական որևէ վերաբերմունք չի արտահայտել: Ըստ պատգամավորի՝ ԼՂ օդանավակայանին կոնկրետ անդրադարձ չի եղել, բայց օդային հաղորդակցությունը պետք է լինի զեկույցի հիմնական մասը, և դա պետք է լինի ընդհանուր եվրոպական սկզբունքների՝ ազատությունների ու իրավունքների վրա հիմնված, եվրոպական չափանիշներին համապատասխան:
Շահգելդյանը նաև հայտնեց, որ վեհաժողովում բարձր են գնահատվել ԵՄ-ի հետ ՀՀ բանակցությունների ընթացքը, ՀՀ-ի հաջողությունները բիզնես-ոլորտում, որով զգալիորեն տարբերվեցինք, հատկապես՝ Doing bussines-ի զեկույցում արձանագրված առաջընթացով:









































