«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
– Պարոն Պողոսյան, կոնկրետ այս պահին ի՞նչ փուլում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը և որքանո՞վ է հավանական այն վարկածը, որ հանրաքվեին հնարավոր է երկու տարբերակ դրվի:
– Մենք հիմա սահմանադրական հանձնաժողովում աշխատում ենք սահմանադրական բարեփոխումների նախագծի բուն տեքստի վրա և սկսել ենք գործող սահմանադրության առաջին և երկրորդ գլուխների տեքստից: Դրանց վերաբերյալ ներկայացվել է համապատասխան փոփոխությունների նախագիծ, և հիմա հանձնաժողովը քննարկումների փուլում է: Թե երբ մենք այդ քննարկումները կավարտենք, դեռ պարզ չի, բայց ենթադրում եմ, որ մինչև մայիս ամիս մենք արդեն որոշակի եզրահանգումների կգանք հիմնական իրավունքների և սահմանադրական կարգի հիմունքների գլուխների հետ կապված ու կանցնենք արդեն բուն կառավարման համակարգին վերաբերող հիմնախնդիրների կոնկրետ մշակմանը նախագծային մակարդակով: Ինչ վերաբերում է հավանականությանը, որ հանրաքվեի կամ Ազգային ժողով քննարկման ներկայացվի երկու նախագիծ, ապա իմ սուբյեկտիվ կարծիքով` դրա հավանականությունը շատ փոքր է: Ի վերջո, սահմանադրական հանձնաժողովը բավականին երկար ու բուռն քննարկումներ է ունեցել ստեղծման օրվանից, կա հայեցակարգ, որը հավանության է արժանացել երկրի նախագահի կողմից, և այդ հայեցակարգը հստակ ամրագրում է հանձնաժողովի հակվածությունը անցում կատարելու պառլամենտական կառավարման համակարգի: Այդ առումով որևէ բան չի փոխվել, պարզապես սահմանադրական հանձնաժողովը չի ցանկանում դուռը փակել բոլոր այն մասնագետների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների առջև, որոնք կարող են այլընտրանքներ առաջարկել: Մենք բաց ենք այդ առաջարկների համար, և եթե ինչ-որ քաղաքական ուժերի, մասնագետների, հասարակական կազմակերպությունների հաջողվի փարատել մեր այն կասկածները, որոնք գոյություն ունեն գործող կառավարման համակարգի նկատմամբ նաև փոփոխությունների պարագայում, ոչ մի բան չի կարելի բացառել: Բայց անկեղծ ասած, որպես մասնագետ` ես դրա հավանականությունը շատ քիչ եմ գնահատում, համենայնդեպս, վստահ եմ, որ եթե նախագիծը հասնելու է հանրաքվեի, ապա միակ ռացիոնալ տարբերակը հանրաքվեին մեկ նախագիծ դնելն է, որովհետև եթե մեկ նախագծից ավել ենք դնում, ապա ժողովրդի համար անհասկանալի է դառնալու, թե իրենք ինչի օգտին են քվեարկում, և կարծում եմ նաև, որ գործող օրենսդրական ակտերը նման հնարավորություն չեն ընձեռում:
– Բայց քննարկվե՞լ է երկու նախագիծ դնելու տարբերակը, որովհետև այդ միտքը ԱԺ-ում հայտնել էր ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողների հետ զրույցում:
– Մենք մասնագիտական հանձնաժողով ենք, դա մեր իրավասության խնդիրը չի: Մենք հանրապետության նախագահի կողմից ստեղծված հանձնաժողով ենք` որպես խորհրդակցական մարմին, որի առաքելությունը կայանում է երկու բանում՝ ներկայացնել փոփոխությունների հայեցակարգ, որը մենք արել ենք, և հավանության արժանանալու դեպքում ներկայացնել փոփոխությունների նախագիծ: Մենք աշխատում ենք այն նախագծի վրա, որը, մեր կարծիքով, առավել կարևոր է երկրի համար և լուծում է այն խնդիրները, որոնք առկա են մեր այսօրվա քաղաքական, տնտեսական համակարգում: Նախընտրությունը հայեցակարգի մակարդակով կատարվել է պառլամենտականի օգտին, բայց մենք քաղաքական գործիչներ չենք և քաղաքական կուրսը մենք չենք որոշում: Դա որոշում է հանրապետության նախագահը և Ազգային ժողովը: Եթե հանրապետության նախագահը երկու նախագիծ ներկայացնի ԱԺ, ապա կլինի երկու նախագիծ, եթե հանրապետության նախագահը մեզ առաջադրանք տա, որպեսզի մենք երկու ալտերնատիվ նախագիծ պատրաստենք, ապա մենք կաշխատենք դրա վրա, չնայած դա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հաստատելուց հետո այնքան էլ ընկալելի չի լինի, չի կարելի դա բացառել: Բայց ուզում եմ պարզապես մեկ անգամ ևս ընդգծել, որ դա մեր իրավասության խնդիրը չի: Քաղաքական գործընթացը քաղաքական ուժերինն է, մասնագիտական հանձնաժողովը ներկայացնում է նախագիծ, այդ նախագիծը չի բացառվում, որ ընդհանրապես որևէ ընթացք էլ չստանա, եթե չբավարարի քաղաքական ուժերի պահանջներին, եթե հանրապետության նախագահը կամ ԱԺ-ն այս կամ այն նկատառումներով չցանկանա ընդհանրապես ընթացք տալ հետագա պրոցեսին: Դրանք մեր իրավասությունից դուրս գտնվող խնդիրներ են:
– Դուք և մասնագիտական հանձնաժողովի մյուս անդամները մշտապես նշել եք, որ կառավարման ձևի փոփոխման հարցը քաղաքական ուժերի որոշելիք հարցն է: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շրջանակում հանդիպումներ անցկացրեց քաղաքական մի շարք ուժերի հետ: Ուզում էի հասկանալ` արդեն որոշակիություն մտցվե՞լ է այդ հարցի շուրջ, կոնսենսուս ձևավորվե՞լ է:
– Ես չեմ կարող այդ արդյունքների վերաբերյալ խոսել: Համենայնդեպս, մամուլում եղած հրապարակումներից իմ տպավորությունն այն է, որ կոնսենսուս կառավարման համակարգի հետ կապված գոյություն չունի: Կան քաղաքական ուժեր, որոնք միանշանակ պառլամենտական կառավարման համակարգ են ցանկանում, կան քաղաքական ուժեր, որ ընդհանրապես որևէ փոփոխություններ չեն ցանկանում, և կան քաղաքական ուժեր, որոնք առաջարկում են գործող համակարգի բարեփոխումներ: Մենք մեր կողմից, որպես սահմանադրական հանձնաժողով, կատարել ենք հետևյալ քայլը՝ առաջարկ ենք ներկայացրել բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի մինչև մայիսի 5-ը ներկայացնեն իրենց առաջարկները կոնկրետ հայեցակարգի իրացման հետ կապված: Դա կարող է վերաբերել նաև կառավարման այլ համակարգին, գործող համակարգի բարելավմանը և այլն: Երբ այդ ժամկետը կլրանա, մենք կնայենք, թե կոնկրետ ինչ առաջարկներ են ներկայացված և այդ ժամանակ, երբ ուղղակի կսկսենք աշխատանքները կառավարման համակարգին վերաբերող հատվածի հետ, ապա արդեն այդ բոլորը կքննարկենք ու որոշակի եզրահանգման կգանք:
– Այսօր քննարկվում է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, դերը սահմանադրական բարեփոխումներում: Դուք որքանո՞վ եք կարևորում քաղաքացիական հասարակության դերն այս հարցում և կնշեք՝ ի՞նչ առաջարկներ են մինչ օրս ներկայացվել մասնագիտական հանձնաժողովին հատկապես քաղաքացիական թևից, և արդյո՞ք բաց են մասնագիտական հանձնաժողովի դռները նման առաջարկների համար, արդյո՞ք կարևորվում են դրանք հանձնաժողովի կողմից:
– Մեր աշխատակարգը նախատեսում է, որպեսզի որոշակի փուլում, երբ մենք արդեն կոնկրետ նախագծային աշխատանքների մեջ ենք, ամփոփ ձևով հանձնաժողովի քարտուղարությունից ստանանք այդ առաջարկները ու դրանք քննարկենք: Հիմա դեռևս աշխատում ենք սահմանադրական հանձնաժողովի տարբեր անդամների կողմից առաջարկված փոփոխությունների վրա: Երբ այդ փուլը կավարտենք, բնականաբար, ի մի ենք բերելու բոլոր այն առաջարկությունները, լինեն դրանք քաղաքական կազմակերպությունների, թե հասարակական կազմակերպությունների կողմից, սահմանադրության առաջին և երկրորդ գլուխների վերաբերյալ ու պետք է արդեն քննարկենք ու որոշենք, թե որքանով են այդ առաջարկությունները ընդունելի, եթե ընդունելի են՝ որքանով են կարող իրենց արտացոլումը գտնել փոփոխությունների նախագծում, որքանով` ոչ: Նույն աշխատաոճը մենք կիրառելու ենք նաև սահմանադրության փոփոխությունների մյուս գլուխների մշակման ժամանակ:
– Մինչև ե՞րբ պատրաստ կլինի նախագիծը և, ըստ Ձեզ, ե՞րբ այն կդրվի հանրաքվեի:
– Շատ դժվար է ասել, թե երբ պատրաստ կլինի հանրաքվեի դրվելու, բայց մի բան հստակ է, որ սահմանադրական հանձնաժողովն ընդամենը 10 ամիս առավելագույն ժամանակ ունի սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրապետության նախագահին ներկայացնելու համար: Դրանից հետո նորից սկսվում են քաղաքական գործընթացներ և այդտեղ կանխատեսումներ անել ես ոչ կցանկանայի, ոչ էլ կարող եմ:







































