Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան այս տարվա հունիսի 7-ին, կմասնակցեն 20 քաղաքական կուսակցություններ: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԿԸՀ-ի՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը կմասնակցի 53.765.231 ընտրող:
Արտասահմանյան ընտրատեղամասերում կքվեարկի Թուրքիայի 2.9 մլն քաղաքացի: Այդ նպատակով 54 երկրներում Թուրքիայի դեսպանատներին կից կստեղծվի 112 ընտրատեղամաս:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ավելի քան 70 ներկայիս պատգամավոր չի կարողանա մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Այս որոշումն ընդունվել է ներքին կանոնադրության համաձայն, ըստ որի՝ կուսակցության պատգամավորները խորհրդարանում 3 ժամկետից ավելի ընտրվելու իրավունք չունեն:
Թուրքիայում 2015թ. խորհրդարանական ընտրություններին չեն կարողանա մասնակցել երկրի փոխվարչապետներ Բյուլենթ Արընջը, Բաշիր Աթալայը և Ալի Բաբաջանը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն և այլք:







































