Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի օրը ընդունել է բարեփոխում՝ նվիրված ծխելու դեմ պայքարին: Բարեփոխումը ներառում է օրենք, որը ծխախոտագործներին պարտավորեցնում է ծխախոտ թողարկել «չեզոք» տուփերով՝ հայտնում է Reuters-ը:
2016թ. մայիսից ծխախոտային ընկերությունները ստիպված կլինեն ծխախոտը վաճառել պարզ փաթեթավորմամբ, ծխելու հետևանքով վնասված ներքին օրգանների պատկերներով: Նրանք կկարողանան իրենց ապրանքանիշը նշել միայն փոքր տառերով:
Բարեփոխումը նաև արգելում է ծխել ավտոմեքենաներում երեխաների ներկայությամբ և էլեկտրոնային սիգարետների օգտագործումը հասարակական տրանսպորտում ու գրասենյակներում:
Ծխողների իրավունքները և ծխախոտային ընկերությունների հնարավորությունները սահմանափակող օրենքը կուղարկվի սենատ, որտեղ դրանում կարող են մտցվել փոփոխություններ:







































