Երևան-իմ սեր բարեգործական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերի վերականգնման աշխատանքներին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ EURASIA HOUSE-ի հիմնադիր և նախագահ Արմեն Սարգսյանի հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, ծրագրի պատասխանատուներ: EURASIA HOUSE–ի նախագահը քաղաքապետին է ներկայացրել Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերի վերականգնման ծրագրի մանրամասները, համաձայն որի ճարտարապետական ուրույն ոճով վերականգնված շենքերը կծառայեն որպես կենտրոններ` լսողության խնդիրներ ունեցող երեխաների և միայնակ մայրերի համար: Տարածքում կլինի նաև համայնքային նշանակության կառույց:
Շենքերի վերականգնումից բացի, ծրագրով նախատեսվում է նաև եկեղեցու և շենքերի շրջակա տարածքների բարեկարգում և այգու հիմնում, որը, որպես հանգստի գոտի, կծառայի նաև շրջակայքի բնակչությանը: Նախագծային բոլոր աշխատանքներն ավարտված են և ծրագիրը պատրաստ է մեկնարկի: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:








































