Հայաստանի քաղաքական դաշտն ապածառուկյանացնելուց հետո, մարզաշխարհի ներկայացուցիչները հույս ունեն, որ նույնը տեղի կունենա նաև սպորտում: Տարիներ շարունակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տիրապետելով քարոզչական մեծ ռեսուրսների, այնպիսի տպավորություն էր ստեղծել հանրության մոտ, որ ինքը մեծ բարերար է, որ իր անձնական միջոցները նվիրաբերում է մարզական ֆեդերացիաներին, որ ոչինչ չի խնայում հանուն Հայաստանի սպորտի զարգացման և հայ մարզիկների հաջողությունների առաջմղման: Ծառուկյանի այդ միֆի ստեղծման գործում իր ներդրումն ունի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որը 2007թ. եղել է Ծառուկյանի անմիջական հսկողության տակ: Իրականում Ծառուկյանը ոչ թե օգնել է սպորտին, այլ ինքն է օգտվել սպորտից, բայց դա արել է այնքան հմտորեն, որ դրա մասին իմացել են միայն ներսի մարդիկ, ովքեր չեն համարձակվել բարձրաձայնել, քանի որ վախեցել են հաշվեհարդարից:
Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ՀԱՕԿ-ի նախագահն է, այլ նաև նրան է հանձնվել Սպորտի և երիտասարդության նախարարությունը, որտեղ 2007թ. նախարարները նշանակվել են նրա կողմից և միայն նրա երաշխավորությամբ: Միայն մեկ անգամ՝ 2013թ. նախագահ Սարգսյանը նախարար նշանակեց Յուրի Վարդանյանին, սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ դե յուրե նախարարից դառնալ դե ֆակտո նախարար, և հակակշիռ դառնալ Ծառուկյանին: 2014թ. մայիսի 3-ին Ծառուկյանը նախարարի պաշտոնին երաշխավորեց իր անմիջական ենթակա Գաբրիել Ղազարյանին, ով ՀԱՕԿ սպորտվարչության պետն էր, և միաժամանակ ԲՀԿ քաղխորհրդի սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը: Չնայած Ղազարյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, բայց նա շարունակեց մնալ ԲՀԿ նախագահի ազդեցության դաշտում, և այսօր էլ շարունակում է մնալ այդպիսին: Ղազարյանի թեկնածությունը սպորտի նախարարի պաշտոնում Ծառուկյանին ներկայացրել էր Սպորտի և երիտասարդության հարցերի մեկ այլ նախկին նախարար և Ծառուկյանի ենթակա ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Այսպիսով, Ծառուկյանը հեռանալով քաղաքականությունից, շարունակում է իր ազդեցության տակ պահել սպորտը, իրականում ոչինչ չանելով սպորտի համար:

Սպորտի նախարարի պաշտոնը կարևոր է այնքանով, որ եթե նախարարը ՀԱՕԿ նախագահի գրպանում է, վերջինս հնարավորություն ունի պետական բյուջեից սպորտի ֆինանսավորմանը հատկացվող միջոցները ներկայացնել որպես սեփական բարի կամքի դրսևորում, որպես բարեգործություն: Տարեկան պետբյուջեից 1 մլրդ չափ գումար է հատկացվում սպորտի նախարարությանը` ֆեդերացիաներին տրամադրելու համար: Թե որ ֆեդերացիան որքան գումար կստանա` որոշում է նախարարությունը, իսկ ավելի կոնկրետ` նախարարը: Բայց, քանի որ նախարարը որոշում կայացնելու սուվերեն իրավունք չունի, նրա փոխարեն որոշումները կայացնում է ՀԱՕԿ նախագահը: Թերևս դա է պատճառը, որ ֆեդերացիաների նախագահները ստիպված են ստրկական կախվածության մեջ լինել ՀԱՕԿ նախագահից, որովհետև այլ դեպքում, նրանց կողմից ղեկավարվող ֆեդերացիաները կզրկվեն ֆինանսավորումից:
Ֆեդերացիաների նախագահները պատերի տակ միշտ բողոքել են Ծառուկյանից, միշտ ասել են, որ նա սպորտը ծառայեցրել է բացառապես սեփական հարստացման և անձնական կարողության բազմապատկմանը: Այս պնդումների համար Ծառուկյանը ստեղծել է նյութական անհերքելի ապացույցներ: Միայն երկու օրինակ. Խանջյան փողոցի վրա Ծառուկյանը կառուցել և անավարտ է թողել սպորտային համալիր: Թե ինչ է դա լինելու և ինչին է ծառայելու` որևէ մեկը չգիտի և դժվար է ասել: Բայց բոլորը գիտեն, որ նախկինում այդ տարածքում եղել է Ֆիզկուլտ ինստիտուտի լողավազանը, Երևանի ամենալավ ու ամենահարմարավետ լողավազաններից մեկը, որտեղ պրոֆեսիոնալ մարզիկներից, ինստիտուտի ուսանողներից բացի լողանալու և մարզվելու հնարավորություն ունեին հազարավոր մարդիկ: Ի՞նչ արեց Ծառուկյանը. նա վերցեց և ավերեց լողավազանը, և դրա փոխարեն ստեղծեց մի անավարտ կառույց: Եվ եթե այն մինչև այդ հանրային սեփականություն էր, ապա հիմա Ծառուկյանի անձնական սեփականությունն է: Ֆիզկուլտ ինստիտուտը Ծառուկյանի ենթակայությանը հանձնված տարածք էր, և նա այս կառույցից քամել էր առավելագույնը, ինչ կարող էր, այդ ինստիտուտին զրկելով իր ամենակարևոր կառույցներից մեկից:
Մյուս օրինակը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքն է Թումանյան-Աբովյան խաչմերուկի վրա: Ծառուկյանն այդ շենքի մեծ մասը սեփականաշնորհեց և դրա տարածքում կառուցեց բարձրահարկ էլիտար շենք, իսկ մյուս հատվածում իրենով արեց շենքի կիսանկուղային հարկը, որտեղ լողավազան էր, և որտեղ լողալ էին սովորում բազմաթիվ երևանցի երեխաներ: Հիմա այդ լողավազանի փոխարեն մարզական խանութ է, Ծառուկյանի հերթական բիզնեսը: Երևի Ծառուկյանն ատում է լողը որպես մարզաձև, և որոշել էր, որ Հայաստանում այդ սպորտաձևը պետք է զրկել գոյության իրավունքից:
Հայաստանի մարզական ֆեդերացիաների նախագահները ուշադրություն են հրավիրում մեկ այլ ծառուկյանական մեգանախագծի`Դավթաշենում կառուցվող սպորտային համալիրի վրա, որը Ծառուկյանի հերթական անվերջ կառուցվող շինարարական կառույցներից է: Ըստ դավթաշենցիների, այս պահին էլ այդ կառույցում առանձնապես ակտիվություն չկա: Բայց մարզական ֆեդերացիաների նախագահներն ասում են, որ իրենք այնքան էլ ոգևորված չեն այդ կառույցով, քանի որ այդքան գովազդված համալիրը Ծառուկյանի անձնական սեփականությունն է, և որևէ մեկը չգիտի, թե մարզիկները ինչ հիմունքներով պետք է այն օգտագործեն: Նրանք չեն բացառում, որ Ծառուկյանը դա կառուցել է որպես հերթական բիզնես պրոյեկտ և մտադիր է այն վարձակալության տալ ֆեդերացիաներին: Որովհետև իրենք ոչ մի անգամ չեն լսել, որ Ծառուկյանը հայտարարի, որ այդ կառույցը տրվելու է մարզիկներին անվարձահատույց օգտագործման: Ֆեդերացիաների նախագահներն ասում են, որ նույնիսկ այն մեքենաները, որոնք Ծառուկյանը նվիրում է միջազգային մրցաշարերում հաջողություններ ունեցած մարզիկներին, գնված են պետական միջոցներով և Ծառուկյանը այդ մեքենաների հանձնման վրա կրկնակի բիզնես է անում. Նախ` վաճառում է իր կողմից ներկրված մեքենաները` ստանալով ֆինանսական շահ, և բացի այդ, գովազդում է իրեն որպես սպորտի հովանավոր` ստանալով, այսպես կոչված, հանրային հեղինակություն: Իրականում այս մի քանի օրինակները ակնհայտ ցույց են տալիս, որ Ծառուկյանին իր անձնական շահից բացի, ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում և դրա մասին գիտեն մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչները, ովքեր ցավոք վախենում են դրա մասին բարձրաձայնել:

Երբ նախագահ Սարգսյանը Սպորտի նախարար նշանակեց Յուրի Վարդանյանին, սպորտի բնագավառում հույս առաջացավ, որ այստեղ մրցակցություն կլինի և դրանից կշահի մարզաշխարհը: Սակայն, Վարդանյանն անձնական հակամարտության մեջ մտավ Ծառուկյանի հետ և շատ արագ պարտվեց, քանի որ փորձում էր ինքնահաստատվել ոչ թե Ծառուկյանից տարբերվող սպորտային քաղաքականություն իրականացնելով, այլ Ծառուկյանի աշխատասենակի վրայի գրությունը հանելու միջոցով: Մարզական ֆեդերացիաների ղեկավարները փետրվարի 12-ից հետո հույսով սպասում են, որ քաղաքականությունը ապածառուկյանացնելուց հետո, նախագահ Սարգսյանը նույնը կանի նաև սպորտում, քանի որ որքան Ծառուկյանը վտանգավոր էր քաղաքականության մեջ, նույնքան նա վտանգավոր է սպորտում:
Մայիս ամիսը Սպորտի նախարարության համար վերջին երեք տարիներին միշտ ճակատագրական է եղել. 2013թ. մայիսին Հրաչյա Ռոստոմյանին փոխարինեց Յուրի Վարդանյանը, անցյալ տարի մայիսին Վարդանյանին փոխարինեց Գաբրիել Ղազարյանը: Արդյոք այս տարվա մայիսին ևս մենք ականատեսը կլինենք նախարարափոխության: Այս ոլորտի մասնագետները ասում են, որ սպորտի ապածառուկյանացումը պետք է սկսվի հենց նախարարությունից, որովհետև Ծառուկյանից անկախ նախարարի նշանակումը անհրաժեշտ, չնայած ոչ բավարար քայլն է այդ ճանապարհին:







































