Ավելի քան 120 հազար եմենցիներ լքել են իրենց տները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ՝ Պարսից ծոցի երկրների կողմից իրականացվող ավիառմբակոծությունների պատճառով։ Այս մասին հայտնում է մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ հարկադիր տեղահանվածների առավել մեծ թիվ՝ մոտ 60 հազար մարդ, գրանցվել է Հադջա նահանգում։
Վարչությունը հայտնում է, որ ապրիլի 7-11-ը Եմենում զոհվել է 37 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 10 երեխա, 154-ը վնասվածքներ են ստացել։ Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել է, որ ավիահարվածների մեկնարկից զոհվել են ավելի քան 300 քաղաքացիական անձինք։
Ներկայում ռմբակոծություններ են իրականացվում Եմենի 22 նահանգներից 18-ում և խոչընդոտում բնակչությանն օգնության տրամադրումը։
Ֆիքսված հեռախոսակապն ու բջջային ցանցերն այլևս չեն գործում որոշ շրջաններում։ Բնակիչները որոշ վայրերում բախվում են էլեկտրամատակարարման՝ մինչև 12 ժամ խափանումների։








































