Բրիտանական թագավորական ռազմածովային ուժերն ու ՆԱՏՕ-ի զորքերը այս հանգստյան օրերին շոտլանդական ափերի մոտ սկսում են զորավարժությունների պատմության մեջ ամենախոշոր Joint Warrior զորավարժությունները, որին ներգրավված են 55 նավեր, 70 օդանավեր ու 13 հազար նավաստիներ, զինվորներ և օդաչուներ 14 երկրից, հայտնում է The Telegraph-ը:
Բրիտանացի զինվորական գերատեսչությունները վստահեցնում են, որ մանևրները ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի դեմ, սակայն ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հաստատել է, որ դրանք պետք է ցույց տան դաշինքի ռազմական հզորությունը, որպեսզի «հանգստացնեն Ռուսաստանի հարևաններին, որ մտավախություն ունեն նրանից եկող ագրեսիայից»,- գրում է թերթը:
Joint Warrior զորավարժությունները կտևեն երկու շաբաթ:
Նման զորավարժություններ անցկացվում են երկու տարին մեկ, սակայն դրանք առաջին անգամ կլինեն այդքան մասշտաբային ու երկարատև, նշում է The Telegraph-ը:









































