Ավստրալիայի Թասմանիա նահանգի հարավում գտնվող աստղադիտարանում տեղադրվում է նոր՝ Harlingten աստղադիտակը, որի օգնությամբ հնարավոր է դիտել 30 հազար լուսային տարի հեռավորության վրա գտնվող երկնային մարմինները՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Աստղագետ Էնդրյու Քոուլի խոսքով՝ յուրահատուկ սարքն աշխարհում խոշորագույններից է: Այն կշռում է 4 տոննա: Աստղադիտակը կառավարվում է հեռակառավարման վահանակի միջոցով:
Քոուլը նկատել է նաև, որ աստղադիտարանի գիտական անձնակազմը հետազոտական լայն հնարավորությունները պայմանավորում է նոր սարքի գործարկմամբ ու շահագործմամբ:
Դրա օգնությամբ գիտնականները մտադիր են ուսումնասիրել Ծիր Կաթինը, ինչպես նաև մյուս գալակտիկաների աստղերը:
Աստղադիտակի տեղադրումը ծրագրվում է ավարտել 2013թ. փետրվարի վերջին:









































