Թուրքական «Բուգյուն» թերթի իր սյունակում հայտնի վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզը խոսում է Թուրքիայում այլատյացության ներկա ու նախկին վիճակի և էթնիկ հողի վրա արվող վիրավորական արտահայտությունների կիրառման մասին՝ այդ ամենին վերաբերվելով խիստ քննադատական:
Ջենգիզն իր «Պարսիկ օձ, նեգր, հայի սերունդ» հոդվածում քննադատում է թուրքական հասարակության՝ էթնիկ և ռասայական վիրավորանքներն ու հայհոյանքները, ինչպես նաև գոհունակություն է հայտնում, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն իր համամասնական ցուցակի առաջին տեղում հայ թեկնածու է առաջադրել:
«Ուժեղ լինենք, թե թույլ, տարբերություն չկա, մեր լեզվից ռասիզմ, այլատյացություն, ատելություն պարունակող խոսքերը երբեք չեն պակասում»,- իր հոդվածն այսպես է սկսում թուրք սյունակագիրը և օրինակներ բերում վերջին շրջանում թուրք պաշտոնյաների, հայտնիների հանրային ելույթներից, որտեղ նմանատիպ վիրավորական խոսքեր են հնչել:
Նա մեջբերում է «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի նախագահի խոսքերը, որտեղ նա ասում էր, թե «իրենց նեգրերի նման են վերաբերվում, խտրականություն դնում»: Այլ օրինակների թվում Ջենգիզը մեջբերում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ «ներողություն, բայց ինձ անգամ հայ են ասում» խոսքերը՝ որպես էթնիկ հողի վրա վիրավորանք:
«Այս երկրում մարդիկ իրար վիրավորելու համար ասում են «հայի սերունդ»: Եվ ընդհանրապես, այս երկրում ազգային հողի վրա վիրավորանքները ոչ քաղաքական կուսակցություն, ոչ սոցիալական կարգավիճակ, ոչ էլ գաղափարախոսություն չեն ճանաչում…»,- նշում է հեղինակը:
Հոդվածի վերջում նա անդրադառնում է նաև Թուրքիայում գործող կուսակցությունների կազմում ազգությամբ հայ թեկնածուներ առաջադրելու փաստին՝ դրական և հուսադրող գնահատելով այդ քայլը:
«ԺՀԿ-ից հայ Սելինա Դողանին Ստամբուլի երկրորդ ընտրաշրջանի ցուցակի առաջին տեղում առաջադրելն ինձ շատ ուրախացրեց: Երանի թե մեր հրեա և հույն համաքաղաքացիները ևս պատգամավորության թեկնածու առաջադրվեն: Երանի թե Թուրքիայի բոլոր գույները մեջլիսում տեսնենք»,- նշում է Ջենգիզը:
Արդեն հայտնի է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առնվազն 4 հայ թեկնածու, բոլորն էլ պայքարելու են Ստամբուլում: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայ լրագրող, գրող Մարգար Եսայանի, իսկ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը Սելինա Օզուզուն Դողանի թեկնածություններն են առաջադրել: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համամասնական ցուցակներում երկու հայ թեկնածու կա՝ Կարո Փայլանն ու Մուրադ Մըհչըն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունները նախանշված են հունիսի 7-ին:









































