Հայրիկյանի մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության կողմից, որը հովանավորում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին:
ՀՀ նախագահի թեկնածու Սեդրակյանը պարզաբանեց, որ բավարար հիմքեր ունի՝ պնդելու, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել և իրականացվել է Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում բուռն գործունեություն ծավալած մասոնական կազմակերպության կողմից, որը, Սեդրակյանի խոսքով, հիմնականում մասնագիտանում է Արևելյան Եվրոպայի, ԽՍՀՄ տարածքի պետություններում իր քաղաքական ներկայացուցիչներին իշխանության բերելով:
«Կարող եմ նաև ասել, որ այդ կազմակերպության մեջ են մտնում Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը և ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարույր Հայրիկյանն այստեղ պատահական զոհ չէր, վաղուց էր նրա դեմ անցկացվում այս «որսը». 2009թ. նույնպես նմանատիպ փորձ եղել է, և Հայրիկյանը, դատելով իր քարոզարշավին արած հայտարարություններից, ասել է, որ թեկնածուներից մեկի նկատմամբ որևէ քայլ կկատարվի, կստեղծվեն անհաղթահարելի խոչընդոտներ, որի դեպքում անվավեր կհամարվի ընտրական գործընթացը: Որտեղի՞ց նա այդ հայտարարությունն արեց, նա գիտեր, որ իր դեմ ինչ-որ բան է պատրաստվում»,- իր վարկածը ներկայացրեց Վարդան Սեդրակյանը:
Վերջինս նաև պարզաբանեց, թե ինչ կապ ունի ինքը: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Երևանում մասոնները հավաք կազմակերպեցին, սեղան էին հիմնում Երևանում: Կարելի է հետաքրքրվել, թե Հայաստանից ովքեր են ներկա եղել այդ հավաքին:
«Այն հանգամանքը, որ ես առաջնորդվում էի էպոսով, լուրջ վտանգ է ցանկացած մասոնական կազմակերպության համար, բայց դա բավարար չէր, որպեսզի այս ամենը կապվեր ինձ հետ: Մտածեք և այդ հարցը տվեք Րաֆֆի Հովհաննիսյանին:
2002թ. դեկտեմբերին մենք հանդիպել ենք, և իրեն ասել եմ՝ քանի դեռ հայ ազգը ողջ է, նա ՀՀ նախագահ չի դառնա, որովհետև գիտեմ, թե որ կառույցից է և ինչ խնդիրներով է եկել Հայաստան: Պարոնայք մասոնները մի քիչ շտապեցին. ես երբեք չեմ ասել, որ Պարույրն է սարքել, նա գիտեր, որ իր հանդեպ գործ է ծրագրվում, իսկ դա կապել իմ անվան, «կաֆելչիկի» ու տաքսու վարորդի հետ՝ սխալ է»,- տեսակետ հայտնեց Վարդան Սեդրակյանը:
Ըստ Սեդրակյանի՝ այդ մասոնական կազմակերպությունը ցանկանում է իր ներկայացուցիչ նախագահն ունենալ Հայաստանում, ուստի ՀՀ գործող նախագահին էլ մեջտեղից կհանեն. սա է իրենց ծրագիրը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































