Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Ռուբեն Հակոբյանը, ամփոփելով նախընտրական քարոզարշավը, կարծիք հայտնեց, որ այն մրցակցային և լարված չէր՝ մինչև գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումը Նուբարաշենում:
«Այնտեղ հնչեցրած իր արտահայտությունն ակնհայտորեն լարվածություն մտցրեց, բայց ես նախագահին կհորդորեի չօգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ պռոշ ճաքելը և այլն»,- նկատեց Ռ. Հակոբյանը:
Ռ. Հակոբյանի գնահատմամբ՝ Գյումրիում կայացավ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողների հետ հանդիպեց լեփ-լեցուն դահլիճում, ինչը գործող նախագահին լարվածություն ստեղծելու առիթ տվեց. «Գյումրու հանդիպումից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին բավականին գեղեցիկ արտահայտություններ էին հնչում գործող նախագահի կողմից, բայց նման լեփ-լեցուն դահլիճը տեսնելը երևի թե Սերժ Սարգսյանին լարվածություն ստեղծելու առիթ հանդիսացավ: Նրա թիմին խորհուրդ կտամ զերծ մնալ լարվածություն մտցնելուց, քարոզարշավն արդեն մոտենում է ավարտին»,- նշեց «Ժառանգության» պատգամավորը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































