Սահմանադրական փոփոխությունների մասին բանակցություններն օրեցօր Վրաստանի խորհրդարանական մեծամասնությանը և փոքրամասնությանը մոտեցնում են համաձայնության հասնելու հնարավորությանը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել խորհրդարանի փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո:
Նա չի մանրամասնել բանակցությունները և նշել է, որ այդ մասին հասարակությունը կիմանա դրանց ավարտից հետո:
«Սա աշխատանքային գործընթաց է, որն ուղեկցվում է որոշակի բարդություններով, քանի որ կողմերի դիրոքորոշումները տրամագծորեն հակադիր են»,- նշել է Բաքրաձեն և հավելել, որ օրեցօր մոտենում են միասնական ցուցանիշի:
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը և երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձում են հասնել նրան, որպեսզի խորհրդարանը պահպանվի Քութայիսում, սահմանադրության մեջ ֆիքսվի Վրաստանի եվրոպական ուղին: Իսկ մեծամասնությունը պահանջում է սահմանափակել կառավարությունը և խորհրդարանն արձակելու նախագահի լիազորությունները:









































