Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կրկին հերքել է ընդդիմության այն պնդումները, որ բեմի հետևից ինքն է ղեկավարում երկիրը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Գլխավոր ընդդիմադիր ուժերը` նախկին իշխող կուսակցություն «Մաիցյալ ազգային շարժում»-ը և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ», մի քանի անգամ հայտարարել են, որ երկրի համար որոշումներ է ընդունում Իվանիշվիլին:
«Կառավարությունը ղեկավարում է կառավարության ղեկավարը, նախարարները կատարում են իրենց գործառույթները: Շատ հազվադեպ են ինձ զանգահարում և խորհուրդ հարցնում: Դա նորմալ է: Ամբողջ աշխարհում է այդպես: Ես նրանց ղեկավարելու ոչ մի լծակ չունեմ: Նրանցից ոչ ոք, ով այսօր գտնվում է կառավարությունում, իմ հարազատը չէ, և ես ընկերություն չեմ արել նրանցից ոչ մեկի հետ»,- ասել է Իվանիշվիլին:









































