Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար բլոգերներից մի քանիսին:
Հանդիպման ժամանակ Հրանուշ Հակոբյանը կարևորեց բլոգերների գործունեությունը` դրանք համարելով հինգերորդ իշխանություն:
«Ցավոք, ժամանակի սղության պատճառով պարբերաբար չեմ հետևում ձեր բլոգներին, սակայն ինձ համար ընդունելի են բոլոր կարծիքները: Անընդունելի են շանտաժը, վիրավորանքը, հարձակումը, սակայն կարծիք արտահայտելու իրավունք ունեն բոլորը»,- ասաց սփյուռքի նախարարը:
Հրանուշ Հակոբյանը շեշտեց նաև, որ հանդիսանում է Հայաստանի առաջին ծրագրավորողներից մեկը, և շատ է կարևորում նորագույն տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց եռամյա նախարարության առաքելությունը և կատարած գործունեությունը: Նախարարության հիմնական նպատակը աջակցելն է հայապահպանությանը սփյուռքում և հայրենադարձությանը:
Հրանուշ Հակոբյանը բլոգերներին ներկայացրեց նաև սփյուռքահայ համայնքների, հայ անվանի արվեստագետների մասին պատմող բոլոր այն գրքերը, որոնք հրատարակել է նախարարությունը:
«Մինչ այժմ 60,000 գիրք ենք ուղարկել սփյուռք: Այս տարի Նժդեհի, Ջիվանու, Ռուբեն Սևակի, Մոնթե Մելքոնյանի հոբելյանների առթիվ նախարարությունը հրատարակելու է նրանց կենսագրականները: Եկող տարի տեղի կունենա «Սփյուռքը գլոբալիզացված աշխարհում» կոնֆերանսը»,- տեղեկացրեց նախարարը:
Հանդիպման ընթացքում բլոգերները Հրանուշ Հակոբյանին ուղղեցին նախարարության գործունեության մասին իրենց հուզող հարցերը:








































