Sunday, 14 06 2026
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Եղբայրը 2011-ին հարբած կրակել էր եղբոր վրա. օրեր առաջ Գագիկը մահացել է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Գրիգոր Մանուկյանի գործի դատաքննությունը:

34-ամյա Գրիգոր Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ծանր է և իրավական, և բարոյական առումներով:

Ըստ մեղադրանքի՝ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Գրիգոր Մանուկյանը եղբոր՝ Գագիկի հետ գտնվել է իրենց հարևան շենքում բնակվող Արթուր Սմբատյանի բնակարանում: Նախաքննական մարմնի եզրակացությամբ՝ գործով չպարզված հանգամանքներում, իր կողմից ապօրինի ձեռք բերված «ԱԿ» տեսակի ինքնաձիգից Գրիգոր Մանուկյանը, սպանելու դիտավորությամբ, կրակահերթ է արձակել եղբոր՝ Գագիկ Մանուկյանի ուղղությամբ, ծանր վիրավորել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ չի կարողացել հանցագործությունը մինչև վերջ հասցնել:

Գրիգոր Մանուկյանին մեղադրանք է առաջադրված սպանության փորձի և ապօրինի զենք կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Այսինքն, ըստ նախաքննական մարմնի՝ Գրիգոր Մանուկյանը եղբոր ուղղությամբ կրակել է հենց սպանելու ուղղակի դիտավորությամբ, սակայն իր կամքից անկախ է եղել, որ եղբայրը չի սպանվել:

Դաժան այս մեղադրանքը ամբաստանյալը չի ընդունում: Պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ կրակահերթն արձակվել է անզգուշաբար:

Դատարանը կգնահատի, թե դատավարության կողմերից որի՝ մեղադրողի, թե պաշտպանության կողմի դիրքորոշումն է ավելի արժանահավատ ու գործի նյութերից բխող, թե կրակոցների պահին իրականում որն է եղել ամբաստանյալի դիտավորությունը, և ինչու է նա մատը ինքնաձիգի ձգանին դրել:

Սակայն դեռևս դատաքննական փուլն է, և այս պահին կարելի է ասել միայն, որ ինչ իրադրությունում և ինչ դիտավորությամբ էլ արձակված լինեն ինքնաձիգի կրակոցները, գործ ունենք ներընտանեկան ծանր ողբերգության հետ:

Ողբերգության կիզակետում այսօր Մանուկյան եղբայրների մայրն էր:

Տուժողի տեղը դատարանի դահլիճում այսօր դատարկ էր. Գագիկ Մանուկյանը, ով եղբոր կողմից արձակված կրակոցից հետո ողջ էր մնացել, օրեր առաջ՝ փետրվարի 5-ին մահացել էր:

Մեղադրող Դավիթ Գրիգորյանը դատարանին ներկայացրեց Գագիկ Մանուկյանի դիակի հերձման ախտաբանաանատոմիական եզրակացությունը: Մանուկյանների երրորդ եղբայրը ներկայացրեց մահվան վկայականը, համաձայն որի՝ Գագիկ Մանուկյանը մահացել էր թոքի քաղցկեղից:

Մեղադրողը միջնորդություն արեց, որ կատարվի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար, թե 2011 թվականի դեկտեմբերի 28-ին ստացած հրազենային վնասվածքն ազդեցություն ունեցե՞լ էր տուժածի հիվանդության զարգացման ու 2013 թվականի փետրվարի 5-ին նրա վաղաժամ մահվան վրա: Միջնորդությունը բավարարվեց:

Տուժողը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ էր եղել, ունի մեկ տարեկան երեխա:

Ամբաստանյալ Գրիգորի և տուժած Գագիկի մայրը, որ դատակոչված էր որպես վկա, հնարավոր է, որ ստիպված լինի հանդես գալու որպես տուժողի իրավահաջորդ: Մինչև կարգավիճակն այս դատավարությունում որոշվելը՝ նա չի կարող ներկա լինել դատական նիստերին:

Այսօր, մինչև դահլիճից դուր գալը, սգավոր մայրն ասաց. «Երկու տղաներս էլ լավն են, շատ լավը»: Մայրը ներկա ժամանակով էր խոսում օրեր առաջ մահացած որդու մասին ու աշխատում էր շատ ի ցույց չհանել իր ամբողջ տառապանքը:

Այսօր հարցաքննվեց վկա Արթուր Սմբատյանը: Դեպքը հենց նրա բնակարանում էր կատարվել: Անցած նիստին այս վկան չէր հարցաքննվել, որովհետև դատարան էր ներկայացել… ոչ սթափ վիճակում:

Այսօր նախագահողը, լսելով վկայի հայտարարությունը, թե սթափ է, այնուամենայնիվ, լրացուցիչ հարցեր տվեց դրանում համոզվելու համար: Վկան ասաց, թե երեք օր առաջ է ալկոհոլ օգտագործել:

Դեպքի կատարմանը նպաստած առաջնահերթ գործոնը հենց ալկոհոլն է եղել: Հարցաքննության ժամանակ վկա Սմբատյանն ի պատասխան նախագահողի հարցի՝ ասաց. «Եթե Գրիգորը խմած չլիներ, այս դեպքը տեղի չէր ունենա»:

Եթե…

Բայց դեպքի կատարմանը նպաստած ևս մեկ հանգամանք է առկա եղել. սպորտային պայուսակի մեջ գտնվող ինքնաձիգը, որ ապօրինի ձեռք էր բերել Գրիգորը և տվյալ օրն իր հետ տարել բաժակակից Արթուրի բնակարան:

Այդ բնակարանում հաճախ էր հավաքվում խմելու հետ սեր ունեցող տղամարդկանց մի խումբ: Այնտեղ լինում էին նաև Մանուկյան եղբայրները:

Նախկինում գողությունների և ավազակային հարձակման համար դատապարտված Սմբատյանը բնակարանում մենակ էր ապրում: Դատելով այսօր հարցաքննված վկայի խոսքերից ու հրապարակված նախաքննական ցուցմունքներից՝ ժամ ու պատարագ չկար նրա բնակարնում խմելու համար, օրվա բոլոր ժամերին նստել են խմելու՝ միայն օղի լիներ:

Դեպքի նախորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, Արթուր Սմբատյանն իր ընկեր Կարեն Թալանչյանի հետ իր բնակարանում խմել է: Պառկել են քնելու: Առավոտյան ժամը 4-ին զանգահարել է Գրիգոր Մանուկյանն ու Սմբատյանին առաջարկել, որ բակ իջնի, միասին գնան օղի առնելու:

Սմբատյանն արագ հագնվել ու իջել է բակ: Տեսել է, որ Գրիգորը սպասում է սպիտակ տաքսիով: Գնացել են մոտակա աշխատող կրպակ, կես լիտրանոց օղի են գնել ու վերադարձել:

Բակում իջել են տաքսիից: Գրիգորը մեքենայից հանել է նաև սպորտային սև պայուսակ ու իր հետ բարձրացրել Սմբատյանի բնակարան: Մանուկյանների բնակարանը դիմացի շենքում էր:

Մինչև լուսաբաց Սմբատյանի բնակարանում երեքով՝ տանտերը, Կարենն ու Գրիգորը խմել են:

Առավոտյան ժամը 7-ին այդ բնակարան է եկել Գագիկ Մանուկյանը:

Ըստ վկայի՝ Գագիկն այդ ժամին արդեն լավ խմած է եղել: Եռյակի հետ խմել է մի բաժակ ու քնել է:

Այդ ընթացքում օղին վերջացել է: Գագիկը 3 հազար դրամ է տվել Սմբատյանին, ու նա վերստին գնացել է օղի առնելու:

Վերադարձել է ժամը 9-ի սահմաններում: Նստել են չորսով, որ խմեն՝ տանտերը, Կարենը ու Մանուկյան եղբայրները՝ Գրիգորն ու Գագիկը:

Դատարանում վկան ներկայացրեց, որ խմելու ժամանակ Գրիգորը սպորտային պայուսակից հանել է ինքնաձիգը ու ասել՝ նայեք, տեսեք՝ լա՞վն ա:

Երբ պատրաստվել են զենքը զննելու, հանկարծ Գրիգորի մատը դիպել է ձգանին, կրակոցներ են արձակվել, որոնցից մեկը դիպել է Գրիգորի կողքին կամ դիմացը նստած Գագիկի պարանոցին: Գնդակը դուրս է եկել տուժողի թիկունքից: Գագիկը ձեռքերով բռնել է գլուխը և ասել՝ էս ի՞նչ արի: Իսկ Սմբատյանը վազել ու տեղեկացրել է Մանուկյանների երրորդ եղբորը, ում մեքենայով Գագիկին հիվանդանոց են տարել: Հիվանդանոցից Սմբատյանը դիմել է փախուստի, վեց ամիս մնացել փախած: «Վախից էի փախել, որովհետև ոստիկանները բռնում, ծեծում-ջարդում են»,- դատարանում ասաց վկան: Նախաքննության ժամանակ վկան այլ ցուցմունք էր տվել: Ըստ նախաքննական ցուցմունքների, ինչպես նաև Գրիգոր Մանուկյանի հետ առերես հարցաքննության արձանագրության՝ երբ չորսով նստել էին խմելու, Գագիկը չէր ցանկացել շատ խմել, ասել էր, թե տաքսին պիտի տանի «սերվիսում» կանգնեցնելու: Գրիգորն ասել էր՝ ոչ մի տեղ էլ չես գնա: Գագիկն ասել էր՝ կգնամ: Գրիգորը թե՝ եթե գնաս, զենքով կխփեմ: Գագիկն էլ, ըստ երևույթին չհավատալով, ասել էր՝ խփի:

Երևի միայն խմածության բարձր աստիճանով կարող են բացատրվել Գրիգորի հետագա գործողությունները:

Ըստ վկա Սմբատյանի՝ նա պայուսակից հանել է ինքնաձիգը և կրակահերթ արձակել: Մի կրակոցը դիպել է Գագիկի պարանոցին, իսկ մի քանիսը՝ ննջարանի պատերին:

Նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունները վկան սկսեց բացատրել նրանով, որ ոստիկանները նախաքննության ժամանակ իրեն երեք անգամ ուժեղ ծեծի էին ենթարկել, «դուբինկով խփել ոտքերի տակերին», ինքը բռնության ազդեցության տակ, ցավից ու վախից տվել է ոստիկանների պահանջած ցուցմունքը:

Միայն թե վկան դատարանում բավական խճճվեց, ձեռքերը դողում էին, ինքը չէր հասկանում հնչեցված հարցերի մեծ մասի իմաստը, տալիս էր իրար հակասող պատասխաններ:

Նա և վկա Կարեն Թալանչյանը դիմումներ են գրել գլխավոր դատախազին, ոստիկանության պետին և բողոքել, որ այս գործի նախաքննության ժամանակ ցուցմունքներ են տվել բռնությունների ազդեցության տակ: Վկան չէր հիշում, որ դիմում է գրել նաև դատարանին, անգամ, դիմումին նայելով՝ դժվարանում էր ճանաչել իր ձեռագիրն ու ստորագրությունը:

Նախագահողը տեղեկացրեց, որ երկու վկաների դիմումների հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, գործի նյութերը ևս ուսումնասիրվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում