Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որոշել է հայ լրագրող, գրող Մարգար Եսայանի թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: Թուրքիայի իշխող քաղաքական ուժն ապրիլի 6-ին հրապարակել է իր համամասնական ցուցակները: Մարգար Եսայանն ընդգրկվել է Ստամբուլի երկրորդ ընտրատարածքի համար ԱԶԿ-ի ցուցակում: Եսայանի անունն ԱԶԿ-ի ցուցակում 12-րդն է:
Նշենք, որ ազգությամբ հայ ևս մեկ «թեկնածութան թեկնածու» կար ԱԶԿ-ի շարքերում՝ «Սուրբ փրկիչ» հայոց հիվանդանոցի փոխտնօրեն Հերման Բալիյանը։ Վերջինս, սակայն, կուսակցությունում չի ստացել լիիրավ թեկնածուի կարգավիճակ և չի մասնակցի առաջիկա ընտրություններին:
Եսայանը Թուրքիայում հայտնի վերլուծաբան և գրող է, ում անունը տարբեր շրջանակներում բավական շատ է հնչում: Հայ թեկնածուն աչքի է ընկնում ընդգծված իշխանամետ կեցվածքով, իսկ այժմ սյունակներ է գրում էրդողանական «Ենի Շաֆաք» պարբերականի համար: Պետք է նշել նաև, որ թեկնածու դառնալու հայտից հետո վերջինս զգալի ավելացրել է պրոիշխանական բովանդակությունն իր հոդվածներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը ևս հայ թեկնածու է առաջադրել: Անակնկալ կերպով թեկնածու է առաջադրվել Սելինա Օզուզուն Դողանը, ում անունը մինչ այս չէր շրջանառվում: Քեմալական կուսակցությունում «թեկնածության թեկնածու» էին նշվում Թալին Էրգյունեշ Գազերն ու Արևիկ Ջեբեջին: Ընդ որում, Գազերի հնարավորությունները բարձր էին գնահատվում՝ լիիրավ թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում: Սակայն Գազերն ու Ջեբեջին չեն ընդգրկվել կուսակցության համամասնական ցուցակներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունները նախանշված են հունիսի 7-ին:









































