Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Արչիլ Տակալվաձեն հերքում է նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» մեղադրանքներն այն մասին, որ իբր ներկայիս իշխանությունները նպաստում են այն բանին, որպեսզի «օրենքով գողերը» առանց խնդրի անցնեն Վրաստանի սահմանը: Նա նաև պնդում է, որ այդ կուսակցությունն ինքն է ժամանակին 12 քրեական հեղինակությունների համար կազմակերպել սահմանի հատում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Իրենց կառավարման շրջանում հենց նրանք են «օրենքով գողերին» սահմանի միջով ուղեկցել այնպես, ինչպես այժմ մեզ մեղադրում են: Պարոն հաղորդավար, ես կուղարկեմ ձեզ առնվազն 12 այդպիսի անձանց ցուցակ, նրանց անունները ես չեմ կարող ուղիղ եթերով հայտնել»,- ասել է փոխնախարարը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:









































