Այսօր Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միանգամից 2 բարձրաստիճան ոստիկանի է ազատել աշխատանքից: Ազատվողների շարքում է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը: Այս լուրն արդեն պաշտոնապես հաստատվել է: Ընդ որում, մեզ հասած տեղեկութուններով, նշված պաշտոնյաներին Գասպարյանն ազատել է միանձնյա որոշման արդյունքում` առանց թատրոնի: Այսինքն` բոլորին չի հավաքել իրար գլխի և լուտանքներ չի թափել նրանց գլխին: Որոշումն անսպասելի է եղել երկուսի համար էլ:
Նշենք, որ Մկրտումյանի գլխին վաղուց էին սև ամպեր կուտակվել, քանի որ նա բազմիցս էր զայրացրել ոստիկանապետին` համակարգում իր ինքնագործունեության համար, ինչպես նաև իր կոռուպցիոն դրսևորումներով: Համակարգում աշխատած տարիներին Մկրտումյանը հասցրել է հսկայական ունեցվածք դիզել: Նա մի հսկայական առանձնատուն ունի Արեշում՝ սեփական գազանանոցով, նմանատիպ մեկ ուրիշը՝ Սևանում: Բացի դրանից՝ նրան և ընտանիքին են պատկանում 05ՕՕ005 պետհամարանիշով «Մերսեդես G550», 05VV005 պետհամարանիշով «Բենթլի», 91ՍՈ111 պետհամարանիշով «Պորշե», 005ՕՕ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովեր», 14RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաները: Մինչդեռ նա և իր ղեկավարած վարչության աշխատակիցները ստանում են բավական համեստ աշխատավարձ, որը չի գերազանցում 200 հազար դրամը:
Մկրտումյանի շուրջ աղմուկը բարձրացավ նաև անցած տարի, երբ պարզ դարձավ, որ վերջինիս թեթև ձեռքով աշխատակիցները չեն կարողացել օգտվել իրենց սոցիալական ապահովագրության փաթեթներից: Այդ գումարները ևս յուրացվել էին Մկրտումյանի կողմից:
Նշենք, որ Մկրտումյանին իր ինքնագործունեության համար մի քանի անգամ խիստ նկատողություն էր հայտարարվել ոստիկանապետի կողմից և, մամուլում գրվում էր, որ Գասպարյանը պատեհ պահի է սպասում Մկրտումյանից ազատվելու համար:
Մկրտումյանի հետ խոսել մեզ չհաջողվեց: Հեռախոսին պատասխանած անձն ասաց, որ Մկրտումյանը նախարարությունում է:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, Մկրտումյանին հրահանգվել է վերադարձնել իր «կերած» փողերը՝ մինչը վերջին կոպեկը:
Ինչ վերաբերում է Նադարյանին, ապա որոշ տեղեկություններով` Ոստիկանապետը նրան ազատելու ցանկություն ունեցել է Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո Գյումրիում ստեղծված անվերահսկելի վիճակի պատճառով: Իսկ համբերության բաժակը լցվել է նախախորհրդարանի հետ կապված պատմություններից հետո:










































