Կիրակի օրը վենեսուելացիները որպես տուրք զատկային սովորույթներին հրկիզել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խրտվիլակները: Այս մասին հայտնում է մեքսիկական Reforma պարբերականը:
Կաթոլիկ Զատիկը ևս նշվել է ապրիլի 5-ին, և հարավամերիկյան երկրում ձևավորված ավանդույթի համաձայն՝ այդ օրն ընդունված է «Հուդաների հրկիզում»՝ այն քաղաքական գործիչների խրտվիլակները, որոնք հիասթափեցրել են քաղաքացիներին:
Յուրաքանչյուր քաղաքական ճամբար տարբեր քաղաքական «հուդաների» է այրել. Մադուրոյի կողմնակիցները հրկիզել են ԱՄՆ նախագահի խրտվիլակը, որը վերջերս Վենեսուելայի նկատմամբ արտակարգ դրության մասին հրամանագիր է ստորագրել, իսկ ընդդիմադիրներն այրել են Մադուրոյի խրտվիլակը:
Նշվում է, որ խրտվիլակները պատրաստված են եղել կտորից, ստվարաթղթից և եղել են հին հագուստով։ Դրանք ունեցել են ավելի քան 1 մ բարձրություն, սակայն նրանց նախատիպերի դեմքերը լիովին ճանաչելի են եղել: Օբամայի հետ այրել են նաև Վենեսուելայի ընդդիմության մի շարք ականավոր ներկայացուցիչների:
Նույն օրը Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող Օբամայի հրամանագրի դեմ իր հայտարարած արշավի շրջանակներում արդեն 8 մլն ստորագրություն է հավաքվել: Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ մտադիր է մինչև Պանամայում Ամերիկաների գագաթնաժողովի սկիզբը (ապրիլի 10) 10 մլն ստորագրություն հավաքել հօգուտ հրամանագրի չեղարկման, որպեսզի դրանք Օբամային փոխանցի այդ միջոցառման ժամանակ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ Վենեսուելան պոտենցիալ սպառնալիք է հայտարարվել ԱՄՆ անվտանգությանը, իսկ այդ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ:







































