Անդրիաս Ղուկասյանից նախօրեին վերցված մեզի և արյան մեջ լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել են որոշակի շեղումներ: Առողջապահության նախարարությունից նախագահի թեկնածուին կրկին հորդորել են համաձայնել լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը թեկնածուն շարունակում է մերժել:
Նախարարությունից Ղուկասյանին հայտնել են, որ երկարատև հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել և զարգացնել, որոնց հետագա բուծումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ, անհնարին դառնալ: Արդեն 23-րդ օրը հացադուլի մեջ գտնվող թեկնածուն երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հավաստիացրեց, որ նույնիսկ այդ պատճառով, չի դադարեցնելու հացադուլը: Ավելի վաղ Ղուկասյանի համակիրները հայտնել էին, որ այնքան էլ չեն վստահում «շտապ օգնության» բժիշկների տվյալներին, քանի որ «բժիշկները հակված են իրավիճակն առավել ծանր ներկայացնել»:
«Քանի դեռ իշխող կուսակցության անդամները համարում են, որ սա «ռեալիթի շոու» է, ոչ մի աջակցություն ես առողջապահությունից չեմ ընդունում: Եթե համարում են, որ սա ռեալիթի շոու է, ապա ինչի՞ են առաջարկում «աջակցություն հետազոտվելու առաջարկը մերժելու մասին»,- ասաց Ղուկասյանը: Նա բացառեց իր առողջական վիճակի պատճառով հացադուլը դադարեցնելու հավանականությունը, հայտնելով, որ հացադուլը կշարունակի մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը: Թեկնածուն արդեն որոշել է, թե ինչ է անելու դրանից հետո՝ հայտնելու է քաղաքացիական անհնազանդություն, ինչպես և շատ քաղաքացիական ուժեր են նույնն անելու, իսկ թե ինչպե՞ս է դա դրսևորվելու, կորոշի հանրության այն խումբը, որը կձևավորի միասնական ճակատ: Իսկ մինչ այդ, թեկնածուից «ՀԺ»-ն տեղեկացավ, որ փետրվարի 15-ին Դրամատիկական թատրոնում գումարվելու է բաց, քաղաքացիական ժողով, որը, ըստ Ղուկասյանի, կտա որոշ հարցերի պատասխաններ: Ասաց, որ ֆորումի գաղափարն իրենը չէ, ինքն այդ մասին իմացել է երեկ:
Չնայած հյուծված վիճակին, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց թերթի մի քանի հարցերի ևս.
– Պարոն Ղուկասյան, չեք վախենու՞մ, որ ժողովուրդը դարձել է անտարբեր ձեր հացադուլի նկատմամբ:
– Հանրությունը ունի իհարկե որոշակի կարծրատիպ, որ քաղաքական պայքարը դա խոշոր միտինգ հավաքելն է և քանակը էական դեր է խաղում իշխանության վրա ազդելու առումով: 20 տարվա պայքարների ամփոփումը մեզ ցույց տվեց, որ դա էֆեկտիվ ճանապարհ չէ: Հանրությունը պիտի սովորի նոր պայքարի ձևերին՝ ո՛չ ագրեսիվ, բայց ավելի ազդեցիկ: Ամենակարևորը, որ հստակ լինեն ձևակերպված արժեքները:
– Եթե իշխող կուսակցությունը հացադուլը ընդունի, որպես կամքի դրսևորում և չորակի «ռեալիթի շոու», կդադարեցնե՞ք հացադուլը:
– Ոչ, իմ պահանջները հստակ են: Իշխող կուսակցությունը իրավունք չունի մասնակցել ընտրություններին, դա հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցություն է: Մենք բոլորս դա գիտենք, դա իրավական ապացուցման կարիք չունեցող հանգամանք է: Ընտրակաշառք բաժանելը, հարկադրելը ընտրելու քրեորեն պատժելի արարքներ են: Այդ կուսակցությունը հետևողական կատարել է այդ արարքները մի քանի ընտրություններում: Բնականաբար, չկա որևէ կոմպրոմիս իմ և այս համակարգի միջև: Ես չեմ դիտարկում հացադուլը, որպես ուղերձ գործող իշխանությանը: Սա գործիք է նրան հարկադրել անելու այն, ինչը ինքը ուրիշ պայմաններում չէր անի:
– Բայց իրենց կողմից համարժեք արձագանք, կարծես թե, չկա:
– Իշխանությունը գիտի, որ ես չեմ մտնելու գործարքի մեջ, ինքը փորձում է ամեն կերպ օգտագործելով իր ազդեցությունը մեդիադաշտի վրա, սահմանափակել հացադուլի մասին տեղեկությունը, խճճել և մոլորության մեջ դնել մարդկանց պատկերացումը հացադուլի նպատակների վերաբերյալ: ԶԼՄ-ները ուղղորդված են ավելի շատ տեղեկություն տալ առողջության, քան թե քաղաքական պահանջի մասին:
Վերջում թեկնածուն ասաց, որ առողջապահության նախարարության «ակտիվիզմը»՝ իր առողջության վերաբերյալ, իր նկատմամբ հոգեբանական ճնշում է:








































