Ս.թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից՝ գյուղական ֆինանսավորում, գյուղական ենթակառուցվածքներ, ֆերմերների իրազեկում և աջակցություն, ծրագրի կառավարում: Համաձայնագրով մասնավորապես նախատեսվում է հանրապետության յոթ մարզերի գյուղական համայնքներում բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է ՀՀ և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբետ գետի վրա կառուցել նոր կամուրջ, որի շինարարական աշխատանքները կիրականացվեն վերոնշյալ փաստաթղթով նախատեսված պայմաններով:
Պատգամավորները քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 20-ին Աշգաբատում ստորագրված «Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետների մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Համաձայնագրով Բելառուսի Հանրապետությունը համաձայնում է իր տարածքում հիմնել ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ ներկայացուցչություն, սահմանվում են նաև վերջինիս հիմնման և գործունեության, ինչպես նաև արտոնություններ տրամադրելու պայմանները:
Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկման արդյունքում պատգամավորների առաջարկով հեղինակը համաձայնել է նախագծի քննարկումը հետաձգել մինչև մեկ տարով՝ հետագայում լրամշակված նախագիծ ներկայացնելու նպատակով:










































