Հռոմի պապը 10-րդ դարի հայ վանական Գրիգոր Նարեկացուն պաշտոնապես կհռչակի եկեղեցու դոկտոր, երբ ապրիլի 12-ին պատարագ մատուցի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդների և հավատացյալների հետ։ Այս մասին հայտնում է Catholic Philly-ն։
Պապի որոշման մասին Վատիկանը հայտնել էր փետրվարին։ Տիտղոսը, որը պապը պատրաստվում է շնորհել, մատնանշում է, որ սրբի գրվածքները առանցքային աստվածաբանական գաղափարներ են հանուն հավատքի։
Պարբերականը հավելում է, որ հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին նշել Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը 1.5 մլն հայի կյանք է խլել։ Թուրքիան ժխտում է Ցեղասպանության մեղադրանքները՝ ասելով, որ մեծապես մահվան պատճառ են դարձել հիվանդություններն ու սովը։
Պապը պատարագ կմատուցի հայ կաթոլիկ պատրիարք Ներսես Պետրոս XIX Թարմունիի հետ։
«Նարեկ»-ը («Մատյան ողբերգության» պոեմը) համարվում է վանականի գլուխգործոցը։ Այն ներառում է 95 աղոթք և թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով։
Գրիգոր Նարեկացին կդառնա «եկեղեցու դոկտորի» կոչումը կրող 36-րդ աստվածաբանը։







































