Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին 7-ամյա բյուջետային ծրագրի շուրջ ձեռք բերված փոխզիջումը վկայում է այն մասին, որ հասարակությունը կարող է փոխվել և ժամանակի ընթացքում ոտքի կանգնել: Այս մասին բրիտանացի խորհրդականների առջև ելույթ ունենալիս հայտարարել է վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Եվրամիության ծախսերի կառուցվածքի բարեփոխմանն ուղղված ջանքերը տևական գործընթաց են, սակայն բելգիական մայրաքաղաքում ընդունված ծրագիրը նշանակում է իրական գործընթաց այդ ուղղությամբ»,- հաղորդել է Քեմերոնը: Նրա խոսքով՝ դա լավ գործարք է Մեծ Բրիտանիայի և ընդհանուր առմամբ՝ ողջ հասարակության համար:
«Շնորհիվ գործընկերների հետ սերտ աշխատանքի մեզ հաջողվել է իրական քայլեր անել հասարակությունում բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ»,- ասել է Քեմերոնը, որը հանդես է գալիս Բրյուսելի և Լոնդոնի հարաբերությունների ճակատագրի վճռման հանրաքվեի կազմակերպման օգտին, եթե ԵՄ-ն մոտ ժամանակներս չվերանայի իր ֆինանսական քաղաքականությունը:
Փորձելով հաղթահարել ներկա ֆինանսական ճգնաժամը՝ ԵՄ-ն պատրաստվում է ինտեգրացիոն նոր փուլ սկսել, որի նպատակն է մշակել միասնական տնտեսական քաղաքականություն և ստեղծել եվրոգոտու երկրների դաշնային տնտեսական կառավարություն: Լոնդոնը, սակայն, չի պատրաստվում համապատասխան լիազորությունները փոխանցել եվրոպական հասարակության կենտրոնական կառույցին: Մեծ Բրիտանիան մտադիր է ուժեղացնել ազգային խորհրդարանի դիրքերը: Թագավորությունը ցանկանում է մտնել ԵՄ միասնական տնտեսական գոտի, սակայն մյուս բոլոր ոլորտները թողնել բրիտանական խորհրդարանի իրավասությանը:
Նշենք, որ 2.5 ամիս տևած դժվարին բանակցություններից հետո երկրները կարողացել են 2014-2020 թվականների համար ընդունել 959 մլրդ եվրո ծախսերի և 908 մլրդ դոլար վճարների բյուջեն:









































