Շաբաթ օրը ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Աշտարակ: Չնայած ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի՝ ոչ ոքին չսատարելու որոշմանը՝ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԱԿ-ի մաս կազմող «Հայրենիք և պատիվ» կուսակցության փոխնախագահ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը և ՀՀՇ-ի Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Արարատ Մորիկյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀՇ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի որոշմամբ այդ կուսակցության շարքերից հեռացրել են նույն խորհրդի անդամ Հենրիկ Ավագյանին, ով նաև նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի Արտաշատի նախընտրական շտաբի ղեկավարն է: Հենց այս փաստն էլ հանդիսացել է Ավագյանին ՀՀՇ-ից հեռացնելու որոշման պատճառ։ Սակայն Արարատ Մորիկյանը կուսակցությունից հեռացվելուց չի վախենում և վստահ է, որ Հրանտ Բագրատյանին սատարելն այս պահին ամենաճիշտ որոշումն է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Մորիկյանը նշեց, որ Բագրատյանին սատարելու որոշումն ինքն անձամբ է կայացրել և քարոզարշավի ընթացքում ելույթ է ունեցել միայն իր անունից. «Ես մարդ եմ, ընտրելու իրավունք ունեմ՝ Հայոց համազգային շարժումը և Հայ ազգային կոնգրեսը չեն կայացրել Հրանտ Բագրատյանին չսատարելու որոշում, նրանք որոշել են չսատարել ոչ մեկին: Դա նշանակում է, որ այդ ձայներն ազատ են, հետևաբար ես և մեր համակիրները մեր ձայնը տալու ենք Հրանտ Բագրատյանին:
Տվյալ պարագայում ես նայում եմ մարդկանց ծրագրերին, նրանց անցած ուղուն: Ես զգում եմ, որ Հրանտ Բագրատյանն անհամեմատելի է մնացած թեկնածուների հետ: Ես կուսակցության անունից ելույթ չեմ ունեցել, խոսել եմ որպես Հայաստանի քաղաքացի՝ որպես Արարատ Մորիկյան:
Ես իմ ձայնը երբեք չեմ փոշիացնում, իմ ձայնը տալիս եմ այն մարդուն, ով իսկապես դեմ է այս ավազակապետությանը»,- ասաց նա:
ՀՀՇ անդամն անդրադարձավ նաև Հայ ազգային կոնգրես կուսակցություն ստեղծելու գաղափարին՝ նշելով, որ ինքը չի ցանկանում, որ ՀՀՇ կուսակցությունը լուծարվի. «Ես կուզեմ, որ ՀՀՇ-ն մնա, իմ և իմ ընկերների նման մարդկանց համար պետք է շատ համոզիչ, հաստատուն բան ասել, որ մենք մեր կարծիքը փոխենք: Ես 20 տարի եղել եմ ՀՀՇ շարքային անդամ և միայն այս վերջին 3 տարին է, որ կառույցի ղեկավար եմ: Ինձ համար ՀՀՇ-ն շատ հարազատ կուսակցություն է. այլ կերպ չեմ պատկերացնում»,- եզրափակեց լուսահոգի Այդին Մորիկյանի եղբայրը:









































