Օրեր շարունակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նախագահական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է կոալիցիոն նոր հուշագիր ստորագրել իր նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Աժ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները:
«Ուրեմն, նախ և առաջ, չկա այդպիսի օրակարգ, որը կարող էր մեզ տանել նման թեմայի շուրջ քննարկման: Որևէ բան չի փոխվել երկրում ըստ մեր պահանջների: Ուստի մենք որևէ ակնկալիք չունենք: Մշտապես խոսել ենք, որ մեզ հուզում են մարդկանց կյանքի որակի վրա ազդող փոփոխությունները, որոնք չեն արվում: Այնպես որ, կոալիցիա կազմելու հետ կապված բոլոր հարցերը ստացել են իմ մշտական պատասխանը՝ ընդգծելով որ նման ձևակերպումը, նման եզրույթը՝«կոալիցիա» բառը, ինձ համար ընդունելի չէ»,- նշեց ԲՀԿ մամլո խոսնակը:
Ուրիխանյանը վստահեցրեց, որ իր խոսքերն ընդամենը ցանկալի ձևով փոխվում են, ինչի արդյունքում էլ անընդհատ խոսակցություններ են շրջանառվում, թե ԲՀԿ-ն նպատակ ունի կրկին կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ:
«Ես որևէ տեղ չեմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք համագործակցության, իսկ ինչ վերաբերում է կառավարման համակարգին… չստացվի այնպես, որ ԲՀԿ-ն ոչինչ չի ուզում, ոչինչ չի անելու: ԲՀԿ-ն ունի նպատակ՝ սեփական երկրի քաղաքացիների կողմից իրենց տրված հնարավորությունները գործածել հանուն որակական փոփոխությունների նաև այլ համակարգում, ոչ միայն օրենսդիրում»,- հավելեց Աժ պատգամավորը:
Թերթի դիտարկմանը, թե ինչպես է ԲՀԿ-ն պատկերացնում իր հետագա աշխատանքները և արդյոք շարունակելու է մնալ «այլընտրանքային» ընդդիմություն, պատասխանեց. «Ընդդիմությունը չգիտեմ ինչ է նշանակում տվյալ պահին մեր հասցեին: Մենք այլընտրանքային, ուրիշ մոտեցումներ ունեցող քաղաքական ուժ ենք, տարբերվող մոտեցումներ ունեցող: ԲՀԿ-ն շարունակելու է անել այն ամենը, ինչ արել է, ինչ անում է՝ բոլոր հնարավոր միջոցները օգտագործելով բոլոր ջանքերը գործածելով որպեսզի ընտրողների վստահությունը որևէ կերպ չսասանվի: Այսինքն՝ այն, ինչ մշտապես արել է»:
Հ. Գ. Մի խոսքով ինչպես միշտ, ԲՀԿ-ն անհասկանալի դիրքորոշում է արտահայտում փորձելով քաղաքական կյանքում դրսևորած ամորֆ վիճակը արդարացնել:









































