Իսրայելը թույլ է տվել Թուրքիային շինանյութ տեղափոխել Գազայի հատված՝ ափամերձ գոտում Թուրքիայի կողմից ֆինանսավորվող հիվանդանոց կառուցելու համար: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Իսրայելի կառավարությունը թույլտվությունը տրամադրել է շինանյութերի ցանկի ուսումնասիրությունից հետո, որոնք Թուրքիան խնդրել է ներմուծել Գազայի հատված: Թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի կողմից այս քայլը հանդիսանում է Թուրքիայի հանդեպ բարյացակամության դրսևորում:
Համաձայն նախագծի՝ դա կլինի Գազայի խոշորագույն բժշկական կենտրոնը՝ նախատեսված 150 հոգու սպասարկման համար: Այն զինված կլինի ժամանակակից սարքավորումներով:
Այդ քայլն Իսրայելն անվանել է նաև Գազայի հատվածի շրջափակման թուլացում:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ դա պետք չէ դիտարկել որպես Անկարային և Երուսաղեմի միջև հարաբերությունների վերականգնում, որոնք վատացել էին 2010 թվականի «Ազատության նավատորմի» զավթումից հետո, որի հետևանքով Թուրքիայի 9 քաղաքացի էր զոհվել:
Հիվանդանոցը շահագործման կհանձնվի տարեվերջին:












































