Ռումինիան Թուրքիա է արտահանձնել ոստիկանության երկու սպաների, որոնց Անկարան մեղադրում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաբինետի անօրինական գաղտնալսման համար, հաղորդում է Anadolu-ն:
Ռումինիան արտահանձնել է ոստիկանության ղեկավար Սեդաթ Զավարին և սպա Իլքեր Ուսթին, որոնք փախել էին՝ փորձելով խուսափել «զուգահեռ պետության» մասին գործի հետապնդումից: Ոստիկանները ձերբակալվել են Ստամբուլի օդանավակայանում, դատարանի վճռի համաձայն:
Փետրվարի սկզբին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ռումինիայում ձերբակալվել են երկու թուրք սպա, որոնք կասկածվում են իր կաբինետի գաղտնալսման համար այն ժամանակաշրջանում, երբ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ Բուխարեստը մերժել էր սպաներին քաղաքական ապաստան տրամադրել:
Թուրքիայում «զուգահեռ պետություն» անվանում են իշխանական կառույցներում այն աշխատակիցներին, որոնք անդամակցում են «Հիզմեթ» շարժմանը, որը ղեկավարում է ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, որը բնակվում է ԱՄՆ-ում:








































