Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ – Աշխարհի հավաքական խաղից առաջ այսօր տեղի է ունեցել մամլո ասուլիս, որին մասնակցել են նաև Մադրիդի «Ռեալ»-ի ու կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդներ Իվան Սամորանոն ու Խրիստո Ստոիչկովը, ովքեր վաղը հանդես են գալու Աշխարհի հավաքականի կազմում:
Լրագրողը Սամորանոյին հարցրեց՝ ինչ մարզավիճակում է վերջինս և արդյոք դժվար չէ՞ ֆուտբոլիստի համար կարիերայի ավարտից հետո:
«Նախկին ֆուտբոլիստ չի լինում, ինչպես, չի լինում նախկին բժիշկ: Դա մասնագիտություն է, որը քոնն է ամբողջ կյանքի ընթացքում: Հիմա նույնպես մարզվում եմ: Խաղում եմ սիրողական թիմում ու շաբաթական 3 մարզում անցկացնում»:
Ստոիչկովը կատակելով նշեց. «Դու շաբաթական 3 մարզում չէիր անցկացնում նույնիսկ «Ռեալ»-ում խաղալիս»:
Սամորանոն նույնքան զվարճալի պատասխան տվեց. «Այն ժամանակ 3 մարզման կարիք չունեի, քանի որ «Բարսելոնա»-ի հետ խաղերը չափազանց հեշտ էին ստացվում»:
Եվգենի Լովչևը կատակելով հավելեց. «Նրանք կխաղան տարբեր խաղակեսերում, հակառակ պարագայում միմյանց փոխանցում չեն կատարի»:







































