Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Գյումրիում է եղել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընտրողների հետ հանդիպել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Հանդիպմանը մասնակցել են մեծ թվով գյումրեցիներ, ինչն անակնկալի է բերել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հայտարարել է, որ սա քարոզարշավի շրջանակներում ամենաջերմ և ամենամարդաշատ հանդիպումն է: Ներկաներն իրենց հերթին հավաստել են, որ հանդիպմանը եկել են իրենց կամքով՝ ոչ ոք չի ստիպել, չի հորդորել մասնակցել, ինչպես երեկ՝ գործող նախագահի քարոզարշավի դեպքում:
Ժառանգության առաջնորդը բավականին ծավալուն ելույթ է ունեցել, խոսել ներքաղաքական, արտաքին քաղաքական անցուդարձից, սոցիալ-տնտեսական խնդիրներից: Նա ասել է, որ պետք է վերջ տա կուսակցապետությանը. «Որովհետև սա Հայաստանի Հանրապետությունն է, բոլորիս հայրենիքը»:
Նա նաև շեշտել է, որ թույլ չի տալու կեղծվեն ընտրությունները: Պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցին, թե ինքը քանի՞ տոկոս «խփելու» ակնկալիք ունի, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես չեմ խփելու, ես հաղթելու եմ»: