Google-ի պաշտոնական ներկայացուցիչը, YouTube-ի կողմից իր սթրիմինգային ծառայության վերաթողարկման մասին շշուկները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, gif-անիմացիա է ուղարկել: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Daily Dot պարբերականի լրագրող Ռիչարդ Լյուիսը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ YouTube-ը ծրագրում է իր սթրիմինգային հարթակը վերաուղղորդել առցանց խաղերին և կիբերսպորտի: Նա Google-ին հայտ է ուղարկել (2006 թվականից YouTube-ը պատկանում է ինտերնետային հսկային)՝ խնդրելով մեկնաբանել իրավիճակը, ինչին ի պատասխան՝ տարակուսած աղջնակի պատկերով «գիֆկա» է ստացել:
Լյուիսը մտածել է, որ դա կատակ է ու ևս մեկ անգամ դիմել է ընկերության մամլո ծառայություն:
«Այդ GIF-ն իսկապես մեր պաշտոնական պատասխանն է: Տեխնիկապես դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեկնաբանություն անել, և մենք շատ շնորհակալ կլինենք, եթե դուք թարմացնեք ձեր նյութը»,- Google-ում պատասխանել են լրագրողին:
Քիչ ավելի ուշ այդ պատմության մասին տեղեկացել է Wired պարբերականը և նույնպես հաստատման համար դիմել ընկերությանը: YouTube-ի հաղորդակցությունների հարցերով ղեկավար Քրիս Դեյլը պարբերականին պատասխանել է, որ տեսահոսթինգը «նախընտրում է հաստատումներ ուղարկել կենդանիների պատկերով gif-անիմացիաների տեսքով», և գլուխը շարժող արջով gif-հղում է դրել:







































