Այսօր երեկոյան Հովիկ Աբրահամյանը հավաքելու է նախկին վարչապետների ակումբը, այսինքն՝ անցկացնելու է ակումբի առաջին հավաքը:
Այս գաղափարը Հովիկ Աբրահամյանը հղացել էր դեռևս մեկ տարի առաջ, երբ նոր նշանակվել էր վարչապետի պաշտոնում: Մեկ տարի առաջ Հովիկ Աբրահամյանին կարծես թե լուսավոր հեռանկարներ էին սպասվում: Նա վերջապես նշանակվել էր բաղձալի պաշտոնին, նրա թիկունքին էր ոչ իշխանական ուժերի բևեռը՝ խնամի Ծառուկյանի ամենազոր գլխավորությամբ: Նա հայտնվում էր ալիքի կատարին, վերականգնում իշխանական համակարգում իր սասանված դիրքերը և դուրս գալիս, այսպես ասած, 2018 թվականի նախագահական ընտրությունների ցատկահարթակ: Ալիքի կատարին հայտնված Հովիկ Աբրահամյանը մի քանի քարոզչական քայլեր կատարեց, որոնցից մեկն էլ նախկին վարչապետների ակումբի գաղափարն էր:
Իհարկե, քարոզչականից զատ՝ այս գաղափարի տակ նաև քաղաքական ենթատեքստեր կային, մասնավորապես՝ նախկին վարչապետներից երկուսի՝ Տիգրան Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասով, և ակումբի գաղափարը Աբրահամյանի համար ըստ էության հնարավորություն էր իր, այսպես ասած, առաջնայնությունը ցուցադրելու նրանց համեմատ: Քոչարյանն ու Սարգսյանը այդ պահի դրությամբ տարբեր ասպեկտներով հանդիսանում էին Աբրահամյանի համար ներհամակարգային կարևոր խնդիրներ:
Սակայն հետագայում այս գաղափարի գործնական իրականացումը նրա համար դարձավ անիմաստ, երևի թե, այսպես ասած, ներկայացուցչականության հեռանկարների մշուշոտության պատճառով: Այսօր էլ, իհարկե, վարչապետների ակումբի ներկայացուցչականությունը, մեղմ ասած, կասկածի տակ է, առավել ևս, որ Հովիկ Աբրահամյանի համար փոխվել է քաղաքական կոնֆիգուրացիան, և նա արդեն ալիքի կատարին չէ, այլ թիրախում: Սակայն ըստ էության հենց այս վիճակն է նաև, որ գաղափարի հռչակումից մեկ տարի անց Աբրահամյանին ստիպել է վերջապես իրականացնել այն, հավաքել ակումբը՝ չնայած ներկայացուցչականության, մեղմ ասած, ոչ այնքան լուսավոր հեռանկարին:
Խնդիրն այն է, որ նախկին վարչապետներից, այսպես ասած, նշանակալի քաղաքական ֆիգուրները Հայաստանում չեն՝ Տիգրան Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արմեն Սարգսյան: Երկուսը ողջ չեն՝ Վազգեն Սարգսյան ու Անդրանիկ Մարգարյան: Մեկը Չինաստանում է պետական այցով՝ Սերժ Սարգսյան, և քաղաքական առումով ըստ էության երկուսն են մնացել՝ Հրանտ Բագրատյան և Արամ Զավենի Սարգսյան, որոնցից միայն Բագրատյանն է, որ մեկ տարի առաջ հավանություն էր տվել նման գաղափարին: Ինչ վերաբերում է Գագիկ և Խոսրով Հարությունյաններին ու Վազգեն Մանուկյանին, ապա նրանք այսօր իշխանական դաշտում ըստ էության «կատարողի» կարգավիճակում են, և նրանց մասնակցությունը Հովիկ Աբրահամյանին առանձնապես դիվիդենդներ չի ապահովի:
Սակայն և քաղաքական զարգացումների խիստ անբարենպաստության, և տնտեսական դաշտում ըստ էության ակնհայտ տապալումների և անմխիթար հեռանկարների պարագայում Հովիկ Աբրահամյանի համար նմանօրինակ՝ անգամ ոչ ներկայացուցչական կամ ծայրաստիճան նվազ ներկայացուցչական ակումբի հավաքը կարող է լինել թեկուզ մի փոքր միջոց քաղաքական ազդեցություն դրսևորելու համար:
Տնտեսությունը փրկելու միջոցներ Հովիկ Աբրահամյանը չի գտնում, և մնում է դիմել քաղաքական միջոցներին՝ «չսակարկելով» այդ միջոցների արժեքի հարցում:
Հովիկ Աբրահամյանն այսօր ինտենսիվորեն քաղաքական ազդեցության ոլորտներ է որոնում, սակայն այդ որոնումները ոչ միայն արդյունք չեն տալիս, այլև ըստ էության արձանագրվում են կորուստներ, որոնց վկայությունն է նախկին վարչապետների ակումբի, այսպես ասած, գործնականացման փորձը՝ որպես ազդեցության մի փոքր տարածք:
Հովիկ Աբրահամյանը փետրվարից ի վեր կորցրել է երկու մեծ տարածքներ՝ ոչ իշխանական բևեռն ու դիրքերը ՀՀԿ-ում:









































