Իսպանիայում անշարժ գույքը վաճառվում է ջրի գնով: Ակտիվներից ազատվում են տեղական բանկերը, որոնց բնակելի և առևտրային տարածքները բաժին են հասել սնանկացած հաճախորդներից: Միայն 2012-ին աճուրդով, սուբսիդիաներով և մեծ զեղչերով վաճառվել է մոտ 85,000 այդպիսի օբյեկտ: Տեղի իշխանությունները մեծ ջանքեր են ներդնում Ռուսաստանից հաճախորդների գրավելու համար, պատմում է «Կոմերսանտ-FM»-ը:
Այսօր ցանկացած քաղաքի կենտրոնում ցանկացած տան պատին կարելի է տեսնել «վաճառվում է» ցուցանակը: Դրանց մի մասը բնակելի տներ են, մի մասը՝ գրասենյակներ: Հիշեցնենք, որ վերջերս Իսպանիայի կառավարությունը մշակել է մի օրենք, որը շուտով ուժի մեջ կմտնի. եթե օտարերկրացի քաղաքացին Իսպանիայում գնում է 160,000 եվրոյից թանկարժեք անշարժ գույք, նրան ավտոմատ բնակության հավաստագիր կտրամադրվի: Իսպանացիների համար սա շատ մեծ գումար է: Օրինակ՝ 87 քմ մակերեսով երեքսենյականոց բնակարանը Մադրիդում կարժենա 325,000 եվրո: Իսպանական մամուլում վերջերս շատ հոդվածներ են հայտնվել այն մասին, որ Իսպանիայի գլխավոր հույսը ռուսներն են:
Այսօր Իսպանիայում բնակարանի միջին արժեքը 1890 եվրո է 1 քմ-ի դիմաց: Գները շարունակում են իջնել: 30-50% զեղչեր են արվում:










































