Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հյուսիս-արևմուտքում կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև տեղի ունեցած մարտերի արդյունքում ընդդիմադիրներին հաջողվել է փակել մայրաքաղաքի առանցքային մայրուղին՝ հաղորդում է Associated Press-ը:
Չորեքշաբթի օրվանից ընդդիմադիրները մի շարք հարձակումներ են գործել բանակի կողմից վերահսկվող գլխավոր ճանապարհին տեղակայված հսկիչ անցակետերի վրա, որոնք Դամասկոսը կապում են Հալեպի հետ: Կառավարական զորքերն այս իրադարձություններին արձագանքել են ավիահարվածներով:
Միևնույն ժամանակ SANA սիրիական պետական գործակալությունը հաղորդում է, որ Դամասկոսի տարբեր արվարձաններում ոչնչացվել են շատ թվով ահաբեկիչներ, ավերվել են նրանց բազաները: Հաղորդվում է նաև մի քանի դաշտային հրամանատարների և դիպուկահարների ոչնչացման մասին, առգրավված են տարբեր տեսակի զենքեր և զինամթերք:
Գործակալության տվյալներով` գրոհայիններն էական կորուստներ են կրել Հոմսի մոտ. բացի զոհերից և վիրավորներից՝ նրանք կորցրել են նաև տարբեր տեսակի տեխնիկա:
Լաթաքիայի մոտ ոչնչացվել է բազա, որտեղից ապստամբները հրթիռային հարվածներ էին հասցնում: Հալեպում մարտերը նույնպես շարունակվում են:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվել էր, որ ընդդիմադիրների հետ ունեցած 16-օրյա մարտերից հետո Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Քարնազի վրա, որը տեղակայված է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը և Հալեպ քաղաքը միացնող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մայրուղու վրա:







































