Սերժ Սարգսյանը փետրվարի 8-ին խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների մասնակցությամբ՝ Հայաստանի նախագահական ընտրությունների թեկնածուների անվտանգությունը ապահովելու թեմայով, որի ընթացքում ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ներկայացրել է Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվածների մասին տեղեկատվությունը: Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանի ներկայացրածի կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել՝ կապված բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ այլ բան չկա, այսինքն՝ Սերժ Սարգսյանը չի խոսում կազմակերպիչների բացահայտման մասին:
Երբ հայտարարվում է, որ այս մահափորձը հարված էր պետությանը և ընտրական գործընթացին, ապա սա ենթադրում է նաև կազմակերպիչներ ավելի բարձր մակարդակում, քան երկու թմրամոլը: Եվ ահա այս պայմաններում շատ տրամաբանական կլիներ, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ընթացքում հայտարարեր, որ գոհ է կատարված աշխատանքից, բայց անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը նաև կազմակերպիչներին բացահայտելու համար: Սակայն կազմակերպիչներին բացահայտելու մասին Սերժ Սարգսյանը լռում է, համենայնդեպս՝ հրապարակավ:
Սա հետաքրքիր լռություն է: Այս լռությունը կարող է նշանակել, որ իշխանությունները առնվազն առժամանակ հետաձգում են իրենց նախնական վարկածը, այսինքն՝ կազմակերպված սադրանք պետության կայունության դեմ:
Բանն այն է, որ երբ հայտարարվում է, թե տեղի ունեցածը Հայաստանի ապակայունացման նպատակն ուներ, ապա առնվազն զավեշտալի է, երբ բացահայտվում են և ձերբակալվում երկու թմրամոլ, իսկ նրանց հետևում կազմակերպիչներ չկան: Այստեղ ավելի կարևոր են դառնում կազմակերպիչները: Սակայն Սերժ Սարգսյանը կարևոր պահին այս կարևորի մասին, չգիտես ինչու, լռում է և հարկ չի համարում խոսել ԱԱԾ-ի պետի և իրավապահների հետ:
Եվ սա հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները փոխում են իրենց մոտեցումը: Ինչով է սա պայմանավորված՝ դժվար է ասել: Չի բացառվում, որ սրա նպատակը նաև ռուսական հետքի մասին աղմուկը ծածկելն է: Հայրիկյանը սկսել էր այդ աղմուկը, մի շարք այլ գործիչներ այն բավական առաջ էին տարել, և իշխանությունները երևի թե այս ամենի համար բավական կոշտ նկատողություններ են ստացել Մոսկվայից և որոշել են ամեն ինչ ավարտել երկու հայ թմրամոլներով:
Բացառված չէ նաև այն, որ կազմակերպիչների մասով գործը շարունակելու անհրաժեշտությունը իշխանությունների համար վերանում է այլ պատճառներից ելնելով: Համենայնդեպս, կամ իշխանությունները անզոր են իրական կազմակերպիչների դեմ, և մնում է գործը, այսպես ասած, «ջրել» որևէ կերպ, կամ էլ պարզապես կազմակերպիչների պարագան իշխանությունների համար ավելի օգտակար է չբացահայտված վիճակում:









































