ՌԴ պաշտպանության նախարարությունը մշակել է օրինագիծ, համաձայն որի՝ բոլոր երիտասարդները, որոնք ստացել են ՌԴ քաղաքացիություն, պարտադիր պետք է ծառայեն զինված ուժերում: Այս մասին հայտնում է RBK-ն:
Նորարարությունը կվերաբերի բոլոր տղամարդկանց, ովքեր ՌԴ քաղաքացի են դարձել մինչև 27 տարեկան դառնալը, նույնիսկ այն դեպքում, եթե նրանք արդեն ծառայել են իրենց երկրի բանակում: Բացառություն կարվի միայն այն երկրներից եկածների համար, որոնց հետ Ռուսաստանն ունի համապատասխան միջազգային պայմանագրեր (Տաջիկստան, Թուրքմենստան);
«Բոլոր նրանք, ովքեր ստացել են ՌԴ քաղաքացիություն, պետք է այս պահից սկսած՝ գործեն մեր իրավական դաշտի շրջանակում, այդ իսկ պատճառով օրինագիծը տրամաբանական է»,- հայտարարել է Հասարակական պալատի՝ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Կանշինը:
Մեկնաբանելով օրինագիծը՝ ՊՆ-ն հղում է արել է մեծաթիվ հետաձգումներին, բարդ ժողովրդագրական իրավիճակին, ՌԴ քաղաքացիների մեծ մասի մոտ բանակում ծառայելու ցանկության բացակայությանը:
Ծրագրվում է ուղղումները մտցնել «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում: Փետրվարի 7-ին դրանք հավանության են արժանացվել ՌԴ կառավարության կողմից:










































