Միացյալ թագավորության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ որոշումն այն մասին, թե որտեղ են հուղարկավորվելու Ռիչարդ 3-րդի մնացորդները, շնորհվել է Լեսթերի համալսարանին, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեսթերի համալսարանին համանման թույլտվություն է շնորհվել պայմանով, որ թագավորի մնացորդները մինչև 2014թ. օգոստոսի 31 փոխանցվելու են քաղաքի թանգարաններից մեկին կամ հուղարկավորվելու են Սուրբ Մարտին տաճարի տարածքում: Այժմ հուղարկավորության հստակ վայրը պետք է որոշի Լեսթերի համալսարանը:
Լեսթերը, Լոնդոնը և Յորքը պայքարում էին միապետին իրենց տարածքում հողին հանձնելու հնարավորությունը ստանալու համար: Ինչպես նշում են փորձագետները, Ռիչարդ 3-րդի հուղարկավորման վայրը հազարավոր զբոսաշրջիկներ կներգրավի, ինչը զգալի եկամուտներ կբերի քաղաքի գանձարանին: Յորքի քաղաքային խորհուրդը նույնիսկ նամակ է ուղարկել Էլիզաբեթ 2-րդին, որում ասվել է, որ Ռիչարդ 3-րդը ցանկացել է թաղված լինել հենց Յորքում:
ԶԼՄ-ների տվյալներով` Լեսթերի իշխանություններն արդեն զգալի միջոցներ են ներդրել պատմամշակութային կենտրոն ստեղծելու համար այն վայրի մոտ, որտեղ կհուղարկավորվի թագավորը:









































