ՆԱՏՕ-ի անդամ երկրները Սիրիայի կառավարությունից պահանջում են հաստատել, որ քիմիական զենքի արտադրության ծրագիրը լիովին և անվերադարձ փակված է: Այս մասին Reuters-ին հայտնել է ՆԱՏՕ-ում աղբյուրը:
«Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) արդեն հայտարարել է, որ վերջին հայտարարված քիմիական զենքը դուրս է բերվել Սիրիայից: Այդ հայտարարությունից հետո Բաշար Ասադի կառավարությունը պարտավոր է հաստատել, որ քիմիական զենքի արտադրությունը լիովին և անվերադարձ փակվել է»,- ասել է աղբյուրը:
Այս տարվա հունվարի վերջին ՔԶԱԿ-ի 17-րդ զեկույցում նշվել է, որ Սիրիայում քիմիական զենքի 2 ստորգետնյա կառույցների ոչնչացումն ավարտվել է, ոչնչացվում են 3 մյուս ստորգետնյա օբյեկտները (այն նախատեսվում է ավարտել մինչև հունիսի 30-ը): Բոլոր թունավոր նյութերն արդեն դուրս են բերվել Սիրիայից կամ ոչնչացվել դրա տարածքում:







































