Բրազիլիայի Kiss գիշերային ակումբում հրդեհից փրկված աղջիկը մեկ շաբաթ անց մահացել է ավտովթարից:
21-ամյա ուսանողուհի Ջեսիկա դե Լիմա Ռոլը վաճառում էր այդ չարաբաստիկ երեկույթի տոմսերը, և ինքն էլ պատրաստվում էր դրան մասնակցել: Սակայն նրա սիրեցյալը՝ 20-ամյա Ադրիանո Վեբեր Ստեֆանելը, զանգահարել էր նրան և ինչ-ինչ պատճառներով խնդրել տանը մնալ: Աղջիկն էլ համաձայնել էր:
Ջեսիկան, ով հաջորդ օրն արդեն իմացել էր հրդեհի մասին և չէր կարողանում հավատալ, որ միայն պատահականությունն է իրեն փրկել մահից, Ադրիանոյին համարում էր իր պահապան հրեշտակը: Այս մասին CCN-ին ասել է Ադրիանոյի հայրը:
Այս շաբաթ Ադրիանոն ցանկանում էր Տոլեդոյից մեկնել իր հարազատ գյուղ, որտեղ ապրում են նրա ծնողները: Նրա հետ պետք է մեկներ նաև Ջեսիկան։ Սակայն ճանապարհին նրանց մեքենան բախվել է բեռնատարին: Ստացված վնասվածքներից Ջեսիկան տեղում մահացել է, իսկ Ադրիանոն, ով հաջորդ օրը պետք է իր ծննդյան օրը նշեր, մահացել է հիվանդանոցում:










































