«Իրական լուծման փոխարեն՝ Տեր-Պետրոսյանն առաջարկում է պատրանքի, կրավորական մարտավարություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին:
Քաղաքագետը նշեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի ամենահետաքրքիր, աչքի զարնող կետը, ամենակարևոր օղակն այն է, որ նա ախտորոշում է երկրում ստեղծված իրավիճակը՝ առաջարկելով, սակայն, կրավորական, անհամապատասխան դեղատոմս:
Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Տեր-Պետրոսյանը ներկայացնում է, թե ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում որքան մարդ է լքել երկիրը, կանխատեսում է, թե պաշտոնավարման երկրորդ ժամկետում որքան մարդ կլքի: Իրավիճակը շատ մռայլ էր ախտորոշում՝ ավելացնելով, թե իր այդ ախտորոշումն ամենահոռետեսականը չէ, իրականում վիճակն ավելի վատ է: Եվ որպես այս ամենի լուծում, դեղատոմս՝ առաջարկում է ձևավորել կուսակցություն:
Հարց է առաջանում՝ եթե այդպիսի տեմպերով երկիրը դատարկվելու է, ապա նա ինչպիսի՞ հիմքեր ունի՝ մտածելու, որ իր կուսակցաշինության ծրագիրը կպսակվի հաջողությամբ: Եթե մարդիկ հիասթափված են, էլ ավելի մեծ թվաքանակով են լքելու երկիրը, ի դեպ, լքելու են ոչ միայն իշխանության, այլև ՀԱԿ-ից հիասթափված լինելու պատճառով, և այլևս ի՞նչ կուսակցաշինության մասին կարող է խոսք գնալ նման երկրում: Այն իրավիճակային պատկերը, որը նա ներկայացնում է, որն ինձ համար համոզիչ է, չի համապատասխանում այն դեղատոմսին, որը նա առաջարկում է»;
Քաղաքագետի համոզմամբ՝ երկրում ստեղծված իրավիճակի անհրաժեշտ դեղատոմսը ոչ թե կուսակցական շինարարությունն է, այլ կտրուկ քայլերն իշխանափոխության ուղղությամբ: Ըստ Հովհաննիսյանի՝ այդ քայլերն էին սպասում փոփոխությունների ձգտող մարդիկ:
«Պետք էր մոբիլիզացնել ուժերը, որպեսզի մասնակցելով նախագահական ընտրություններին՝ նոր իրավիճակ ձևավորվեր երկրում, իսկ այսօր իրական լուծման փոխարեն՝ առաջարկվում է պատրանքի, կրավորական մարտավարություն, ինչը լուծումներն անորոշ ժամկետով հետաձգում է: Ախտորոշումը ճիշտ է, բայց այն, ինչ առաջարկվում է, չի կարող համարվել դեղատոմս»,- նկատեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ՝ ներկայումս երկիրը կուսակցական շինարարությամբ հնարավոր չէ փրկել, կուսակցական շինարարությամբ հնարավոր է փրկել միայն ՀԱԿ խմբակցությունը: Հայաստանի Քաղաքագետների միության ղեկավարի դիտարկումներով՝ եթե ՀԱԿ-ը կազմալուծվեր, նշանակում է ՀԱԿ խմբակցությունը, որը մտադիր է գործել խորհրդարանում, զրկվելու էր քաղաքական հենարանից, ուստի պետք էր ստեղծել քաղաքական հենարան՝ ի դեմս կուսակցության:
Հիշեցնենք, որ հարցազրույցում ՀՀ առաջին նախագահը նշել էր. «Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև։ Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տասը-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է 1920 թվականի երկընտրանքի առջև, այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ»։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































