Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, գնալով ավելի շատ ինքնուրույնություն է ցուցաբերում արտաքին քաղաքականության և երկրի ռազմավարական գործընկերների ընտրության հարցում, ինչն առաջացնում է դաշինքի ղեկավարության, ինչպես նաև ԱՄՆ-ի անհանգստությունը: Արևմուտքի երկրների դժգոհությունն առաջացնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձեցումը մասնավորապես Ռուսաստանի և Չինաստանի հետ: Այս մասին գրում է The New York Times-ը:
Թուրքիայի վարքի տագնապալի բնագավառներից մեկն էլ Չինաստանից օդային պաշտպանության համակարգ գնելու երկրի կառավարության ծրագրերն են` գրում է թերթը: Պարբերականի տվյալներով` գործարքի արժեքը կկազմի շուրջ 3.4 միլիարդ դոլար:
Եթե երկու երկրները նման համաձայնություն ձեռք բերեն, ապա հոդվածագրի կարծիքով` այն կհակասի ԱՄՆ-ի և եվրոպական երկրների շահերին, քանի որ Թուրքիան հրաժարվում է համանման միջոցներ ձեռք բերել նրանցից` մեկնաբանելով այդ հանգամանքը նրանով, որ կառավարությունը չի աջակցում ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը սիրիական ճգնաժամի հարցում:
Ավելին, գրում է The New York Times-ը, Թուրքիայի պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտարարել է, որ ընդհանրապես չի նախատեսվում երկրի ազգային պաշտպանական համակարգի ինտեգրացում ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի հետ: Պարբերականի կարծիքով` դա տեղի է ունենում այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի և Չինաստանի համակարգերն անհամատեղելի են: Եվ եթե Թուրքիան հրաժարվի իր համակարգերը կապել ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, ապա կթուլացնի ոչ միայն սեփական տարածքի պաշտպանությունը, այլ կթուլացնի նաև ՆԱՏՕ-ն` համոզված է Իվո Դալդերը` ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպանը:
Հոդվածագիրը նշում է նաև, որ ՆԱՏՕ-ի երկրների և ԱՄՆ-ի մտավախության պատճառներից մեկն էլ Ռուսաստանի հետ գազամուղ կառուցելու Թուրքիայի ծրագրերն են, որը կշրջանցի Ուկրաինան:







































