Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրահանձնաժողովը (ԵՀ) զգուշացրել է Թուրքիային` երկրաշարժային գոտում ատոմակայան կառուցելու մտադրության համար: Այս մասին հայտարարել է ԵՀ էներգետիկ պատասխանատու Գյունտեր Օտտինգերը:
Վերջինս նշել է, որ Թուրքիան այդ ատոմակայանի կառուցման հարցում, ԵՄ-ի բոլոր ատոմակայանների նման, պետք է թեստ հանձնի և պետք է պահպանի անվտանգության չափորոշիչները:
Խոսքը գնում է երկրաշարժի, ինքնաթիռի վթարի, ջրհեղեղի, կիբեռ հարձակման, ահաբեկչական գործողությունների, այլ արտակարգ իրավիճակների դեպքում ռեակտորի հովացման և գեներատորների նորմալ շահագործման մասին:
Օտտինգերը հավելել է, որ Թուրքիայի «միջուկային» հարևան երկրներ հանդիսացող Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում պետք է քայլեր ձեռնարկվեն ատոմակայանների անվտանգությունն առավելագույն մակարդակին հասցնելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիան մտադիր է, միջերկրածովյան Աքքույու և սևծովյան Սինոպ վայրերից բացի, ևս մեկ ատոմակայան կառուցել իր եվրոպական հատվածում` Թրակիայի շրջանի Իղնեադա վայրում, որը, թուրքական կողմի հայտարարմամբ, սեյսմիկ առումով հանդիսանում է Թուրքիայի ամենաանվտանգ վայրերից մեկը:









































