«Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Հյուսեյին Այգյունը բանտում գտնվող պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանի հարցը ներկայացրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողով, սակայն հանձնաժողովի նախագահ Այհան Սեֆեր Ուսթյունը հրաժարվել է գործը տեղափոխել օրենսդիր մարմին։ Այս մասին գրում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։
Սևան Նշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն հայտարարել է, որ ԹԱՄԺ Մարդու իրավունքների հանձնաժողովից սույն որոշումը պատճառաբանել են նրանով, որ իրենք լիազորված չեն զբաղվել այս խնդրով։ Բացի այդ, հանձնաժողովը հայտնել է, որ խնդրի լուծման ճանապարհներից մեկը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելն է։
«Մենք տարբեր ատյաններում բողոքարկել ենք Վճռաբեկ դատարանի որոշումը, սակայն որևէ արդյունքի չենք հասել։ Մեզ միայն մնում է դիմել ՄԻԵԴ»,- ասել է Աքչըն։
Նշենք, որ Սևան Նշանյանը 2013 թվականին երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիր նահանգում կիսավեր թուրքաբնակ գյուղը վերակառուցելու և այն զբոսաշրջային խոշոր կենտրոնի վերածելու համար։ Թուրքական իշխանություններն իր քննադատական հայտարարություններով հայտնի Նշանյանի աշխատանքը համարել էին «ապօրինի շինարարություն» և քրեական պատասխանատվության ենթարկել։ Սակայն հետագայում նրա պատժաչափն ավելացվել էր՝ հասցվելով 11 տարի 8 ամսվա։








































