Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանի գիտնականները լայնածավալ վերլուծություն են անցկացրել, որպեսզի պարզեն Երկրի վրա կենսաբազմազանության զարգացման օրինաչափությունները: Գիտնականների կողմից կազմած կյանքի ծառը ցույց է տվել, որ նոր տեսակների հայտնվելը և ներտեսակային պոպուլյացիաների ընդլայնումը հաստատուն արագությամբ է տեղի ունեցել, գրում է Molecular Biology and Evolution-ը:
Ի տարբերություն նախկինում կազմված նմանատիպ սխեմաների, այս կյանքի ծառը շեշտը դնում է ոչ այնքան տարբեր տեսակների ծագման վրա, որքան դրանց ի հայտ գալու ժամանակի:
Այս ուսումնասիրության արդյունքները սասանել են բնական ընտրության կարևորության ուսմունքը, որը նկարագրել է Չարլզ Դարվինը:
Հեղինակների խոսքերով՝ այս մեթոդը, որի վրա գիտնականները 20 տարի աշխատել են, հնարավորություն է տալիս նոր օրինաչափություններ հայտնաբերել և բացահայտումներ անել նաև այլ ոլորտներում, օրինակ՝ հիվանդությունների ուսումնասիրության և Երկրի կենսաբանության վրա կլիմայական ֆակտորների ազդեցության ուսումնասիրություններում:
Գիտնականները նշում են, որ իրենց աշխատանքը դեռ վերջնական չէ, նրանք ցանկանում են պարզել, թե երբ է հայտնվել յուրաքանչյուր տեսակը, որ պահին է այն առանձնացել նախորդից, և թե ինչպիսին է եղել 4 միլիարդ տարի առաջ մեր մոլորակի կենսաբազմազանությունը:







































