ԱՄՆ ԿՀՎ մասնագետները գործնականում 10 տարի շարունակ փորձում են կոտրել Apple-ի սմարթֆոնների և պլանշետների պաշտպանությունը: Այս մասին հայտնում է The Intercept կայքը՝ հղում անելով ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:
Սնոուդենի տվյալներով՝ ԿՀՎ-ն ամեն տարի Jamboree անվանումով գաղտնի ժողով է անցկացնում, որի ընթացքում քննարկվում է iPhone-ի և iPad-ի պաշտպանական մեխանիզմները կոտրելու խնդիրը:
Մասնավորապես` այդպիսի ժողովներից մեկի ժամանակ անվտանգության հետազոտողներն ասել են, որ ստեղծել են Apple-ի ֆիրմային ծրագրային ապահովման՝ Xcode-ի մոդիֆիկացված տարբերակը, որն օգտագործվում է App Store-ով վաճառվող հավելվածների ստեղծման համար և կարող է հնարավորություն տալ վարակված սարքերից գողանալ գաղտնաբառերը և հաղորդագրությունները: Սակայն պարզ չէ՝ հատկապես ինչպես են հատուկ ծառայությունները Xcode-ի մոդիֆիկացված տարբերակը տարածում մշակողների շրջանում, նշում է The Intercept-ը:








































