Դոնբասի սահմանագծում անջատողականները դուրս են բերել ծանր սպառազինության զգալի մասը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական «Առաջին ալիքի» եթերում՝ փոխանցում է Korrespondent.net-ը:
«Անկասկած, մենք այսօր կարող ենք հավաստել, որ մեզ հաջողվեց կանգնեցնել ագրեսորի հարձակումները, որ ուկրաինական կողմը դուրս է բերել համազարկային կրակի համակարգի, ծանր հրետանու առյուծի բաժինը: Եվ մենք նկատում ենք, որ զգալի մասը հեռացրել են նաև Ռուսաստանի կողմից աջակցություն ստացած գրոհայինները»,- ասել է Պորոշենկոն:
Նրա խոսքերով՝ միայն մեկ տեղ է մնացել, որտեղ ծանր զինամթերքը դեռ մնում է՝ դա Դոնեցկի օդանավակայանն է: Ուկրաինական ուժայիններն արդեն համապատասխան տեղեկությունը փոխանցել են ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությանը:
Նախագահի խոսքերով՝ դիմակայության 485 կմ-անոց գծի երկայնքով, բացի մի քանի բնակավայրերից, ընդհանուր առմամբ հրետակոծություններ տեղի չեն ունենում, սակայն կիրառվում են հրաձգային զենք և ձեռքի նռնականետեր:







































