«Ստեփան Սաֆարյանի բացահայտումները նմանվում են ամերիկյան Wikileaks-ի հայտնի կայքի բացահայտումներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման զուգահեռներ անցկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ Ստեփան Սաֆարյանը սոցիալական կայքերում հայտարարել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թ. մարտի 1-ին իրենց հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ քաղաքապետարանի մոտ հավաքված ժողովուրդն իր ժողովուրդը չէ: Մինչդեռ Տեր-Պետրոսյանի թիկնազորի նախկին պետ Սմբատ Գասպարյանը հերքել էր հանդիպման փաստը:
Ինչևէ, Հովհաննես Սահակյանն առայժմ չի ցանկանում մեկնաբանել Սաֆարյանի հայտարարությունները՝ խոստանալով դա անել «բացահայտումների ամբողջական ավարտից հետո»: Մեր հարցին՝ հավատո՞ւմ եք Սաֆարյանի հայտարարությունների իսկությանը, պարոն Սահակյանն ասաց, որ եթե դրանք սուտ են, ապա Կոնգրեսը պետք է «ավելի նախանձախնդիր հերքեր» դրանք:








































