Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը ներկայացրել են Եվրոպական հարևանության ծրագրի թարմացված տարբերակը:
Այս փաստաթղթով ենթադրվում է Արևելյան գործընկերության անդամ պետությունների շահերին չվնասելու համար ավելի տարբերակված և առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել:
Պաշտոնական Երևանն իր հերթին հայտարարում է, թե Եվրամիության հետ բանակցություններ չի վերսկսել, խոսքը առայժմ «մտքերի փոխանակման» մասին է: Մինչդեռ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը հույսը չի կտրում՝ ակնկալելով, որ Հայաստանի ու Եվրամիության միջև էական մի փաստաթուղթ կստորագրվի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն ասաց, որ մեծ հույսեր ունեն այս հայտարարության հետ կապված․«Եվրոպան տեսավ, որ մեկ պատկեր հնարավոր չէ առաջարկել Արևելյան գործընկերության անդամ երկրներին, և այդ պատճառով այս մոտեցումն է ցույց տալիս: Մենք չենք կարող չողջունել այս մոտեցումը»:
Դիտարկմանը, թե նախկինի պես հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանին կառաջարկեն ստորագրել Ասոցացման համձայնագրի քաղաքական բաղադրիչը, Պետո Դեմիրճյանը պատասխանեց․ «Գիտեք, Ուկրաինայի դեպքում դա թույլատրվեց, որովհետև Ուկրիանան առաջ գնաց՝ ստորագրելով նաև համաձայնագրի տնտեսական հատվածը։ Հետո՝ այնտեղ երկրի ներսում շատ փոփոխություններ եղան, նոր ընտրություններ, իշխանություն փոխվեց: Բայց քանի որ Հայաստանն էլ տրամադրված է պահպանելու կապը Եվրոպական միության հետ, ապա Հայաստանին կառաջարկվի մի փաստաթուղթ, որը հնարավորինս համատեղելի է Եվրասիական տնտեսական միության հետ: Կլինի դա ասոցացման համաձայնագրի քաղաքական մաս, թե այլ փաստաթուղթ կառաջարկվի՝ մենք դա ասել չենք կարող»:
Մեր զրուցակիցը հույս հայտնեց նաև, որ Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանի վերաբերյալ որևէ բան կհայտարարվի:
Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ՀՀ իշխանությունները կամք կունենա՞ն ստորագրելու Եվրամիության հետ որևէ փաստաթուղթ, Պետո Դեմիրճյանը պատասխանեց․ «Հուսով ենք, մինչև այս տարվա վերջ Հայաստանից մեծ թվով պատվիարակություններ եկան այստեղ՝ ինչ-որ նոր ձևով նոր շունչ տվեցին ԵՄ-Հայաստան մերձեցմանը»:
Մեր զրուցակիցը հուսով է, որ ամեն բան կավարտվի էական նշանակություն ունեցող փաստաթղթի ստորագրմամբ:









































