Կարսում հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյը թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի հետ զրույցում նշել է, որ մտադիր է մարտի 21-ին՝ Նովրուզ բայրամի օրը, ընկերների հետ ծախսել այն 10 հազար լիրան, որը որպես տուգանք իրեն է վճարելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այդ օրը հրավիրելու եմ ընկերներիս և նրանց հետ ծախսելու եմ այդ փողը։ Ես կիսելու եմ դա նրանց հետ, քանի որ այդ հարամ (արգելված) գումարով ուրիշ բան անել չենք կարող»,- ասել է քանդակագործը։
Աքսոյն ընդգծել է, որ դատարանի սույն որոշումը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները չեն կարող այդպիսի շեշտադրումներով խոսել և պետք է հարգեն արվեստն ու այն ներկայացնող մարդկանց։
«Մենք պետք է պաշտպանենք մեր ազատությունները և ազատության ոլորտը։ Այս որոշումը դրա ապացույցն է։ Ես իսկապես ուրախ եմ, որ արդարությունը հաղթանակեց»,- ասել է նա։
Մարտի 3-ին Ստամբուլի դատարանը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղավոր էր ճանաչել արվեստի գործը վիրավորելու համար և նրան պարտավորեցրել որպես փոխհատուցում վճարել 10 հազար լիրա (շուրջ 4000 դոլար)՝ հուշարձանի հեղինակին հասցրած բարոյական վնասի դիմաց: Ավելի ուշ Էրդողանի փաստաբանները հայտնել են, որ Թուրքիայի նախագահը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ «հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի» կառուցման աշխատանքները դեռ չէին ավարտվել, երբ 2011 թվականի հունվարի 8-ին Կարս այցելած Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Թայիփ Էրդողանը «Մարդկության հուշարձանն» անվանեց «այլանդակ»՝ կարգադրելով ապամոնտաժել այն։ 5 ամիս անց՝ հունիսի 14-ին, հուշարձանն ապամոնտաժվեց։









































